«Նախ՝ ինձ վրա հոդված դնել չեն կարող, ու, բացի դրանից, ես կալանավորվելուց էլ չեմ վախենում». Գևորգ Պետրոսյան

Տևական ժամանակ է, ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ իշխանությունները հրահանգել են ամեն կերպ «գլխատել» «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության (ԲՀԿ) քաղխորհուրդը՝ նրա առանցքային դեմքերին քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով մեկուսացնելու եղանակով:

Այսօր 168.am-ը ևս գրել էր այդ մասին՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն և քրեական գործ հարուցելուն զուգահեռ,  ըստ մեր աղբյուրի,  ողջ ամառ ինտենսիվ աշխատել են ԲՀԿ ոչ միայն բիզնես թևի,  այլ նաև քաղաքական թևի պատգամավորների վրա նյութեր հավաքելու գործով։

«Այս պահին թիրախում Նաիրա Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանն են,  քանզի Նիկոլը հայտարարել է,  որ այդ երկուսին պիտի ոչնչացնի։ Բացի սոցիալական ցանցերում Նաիրա Զոհրաբյանի և Գևորգ Պետրոսյանի դեմ կեղտոտ արշավներ կազմակերպելուց,  այս ընթացքում ԱԱԾ-ն ինչ-որ մարդկանց է պեղել,  ովքեր ինչ-որ ցուցմունքներ են տվել, մասնավորապես, Նաիրա Զոհրաբյանի մասով՝ ընտրական ինչ-ինչ գործընթացների կապակցությամբ։ Գաղտնալսել են Զոհրաբյանի հեռախոսն ու ինչ-որ զրույցի պատառիկներից գործընթաց են սկսել»,- գրել էր կայքը:

168.am-ը կապ հաստատեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ՝ իմանալու, թե՞ արդյոք ինքը տեղյակ է իր նկատմամբ հրահանգված գործողություններից:

«Ինձ դեռ ոչ ոք չի մոտեցել, բան չի ասել, բայց ես ներքին ինֆրմացիա ունեմ, որը հաստատում է ձեր տեղեկությունը: Կա հստակ ինֆորմացիա, որ ցուցում է տրված սադրել ինձ ամեն գնով, որ մեկին հարվածեմ»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Նա նշում է, որ հավանաբար տեղյակ լինելով իր տաքարյուն բնավորությունից ու ֆիզիկական կարողություններից՝ մտածել են, որ ամենահեշտ ճանապարհն իրեն մեկուսացնելու դա է:

«Ես 6.5 ամիս նախարար եմ եղել, նույնքան Վերաքննիչ պալատում վարչության պետ եմ եղել, 1.5 տարի Նոր Նորքի գործկոմում քարտուղար եմ եղել: Եթե նշածս պաշտոնավարումների ժամանակ ես որևէ իրավախախտում կատարած լինեի, ինձ շուտ էին տարել»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ չի ուզում որևէ մեկի անհիմն մեղադրել, բայց, օրինակ, երեկ բակում կանգնած իր մեքենան լրիվ հոսանքազրկված է եղել:

«Սա այլանդակ գործելակերպ է, և փոխանակ երկիրը խելքի բերեն, ընկել են քննադատողների հետևից: Նախ՝ ինձ վրա հոդված դնել չեն կարող, որովհետև ոչ կաշառքի մեջ կարող են մեղադրել, ոչ մեկ այլ զեղծարարության: Շատ-շատ պետք է ասեն, որ հանդիսությունների, միջոցառումների սիրահար եմ: Բայց այդ կերպ էլ ինձ շանտաժի ենթարկել չեն կարող, որովհետև մեր տանը լիակատար ներդաշնակություն է տիրում: Ես այնպիսի բան չեմ արել, որ որպես ավանդապաշտ տղամարդ՝ ամաչեմ: Ու, բացի ամեն ինչից, ես ձերբակալվելուց ու կալանավորվելուց էլ չեմ վախենում: Թող գան»,- ասաց պատգամավորը:

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ ինքը, լինելով Անդրկովկասի տարածաշրջանում աշխատանքային իրավունքի միակ գիտությունների թեկնածու-դոցենտը, միանձնյա դասագրքերի հեղինակ, ԵՊՀ-ում այսօր դասավանդում է 34 000 դրամով, ու դա անում է սիրով:

«Սրանք հոգեվարքի նշաններ են, իշխանությունների մոտ հոգեվարք է: Ես այսպես եմ գնահատում: Սա ուրիշ բացատրություն չունի: Նորից եմ կրկնում, երկիրը կարգի բերելու փոխարեն՝ անլուրջ բաներով են զբաղված: Վարչապետը, օրինակ, ձի է քշում, դստերն էլ ասում է՝ որ ընկնես, շատ լայքեր կլինեն: Հասկանո՞ւմ եք, այդ ընտանիքի կյանքի իմաստը լայքեր հավաքելն է»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս