ԲՀԿ քաղաքական դեմքերի դեմ քրեական գործեր են սարքում

Նիկոլ Փաշինյանն իր թիվ մեկ խնդիրներից մեկն է  դարձրել  ԲՀԿ նախագահի ու ԲՀԿ պատգամավորների դեմ քրեական գործերի հարուցումը։ Ըստ մեր աղբյուրի՝  Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է,  որ հիմնահատակ ոչնչացնելու է ԲՀԿ-ին ու ԲՀԿ պատգամավորներին, և հաջորդ ընտրական պրոցեսում այդ կուսակցությունից բան չի մնալու։

Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն և քրեական գործ հարուցելուն զուգահեռ,  ըստ մեր աղբյուրի,  ողջ ամառ ինտենսիվ աշխատել են ԲՀԿ ոչ միայն բիզնես թևի,  այլ նաև քաղաքական թևի պատգամավորների վրա նյութեր հավաքելու գործով։ Այս պահին թիրախում Նաիրա Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանն են,  քանզի Նիկոլը հայտարարել է,  որ այդ երկուսին պիտի ոչնչացնի։ Բացի սոցիալական ցանցերում Նաիրա Զոհրաբյանի և Գևորգ Պետրոսյանի դեմ կեղտոտ արշավներ կազմակերպելուց,  այս ընթացքում ԱԱԾ-ն ինչ-որ մարդկանց է պեղել,  ովքեր ինչ-որ ցուցմունքներ են տվել, մասնավորապես, Նաիրա Զոհրաբյանի մասով՝ ընտրական ինչ-ինչ գործընթացների կապակցությամբ։ Գաղտնալսել են Զոհրաբյանի հեռախոսն ու ինչ-որ զրույցի պատառիկներից գործընթաց են սկսել։

Գագիկ  Ծառուկյանի հայտարարած հանրահավաքն ավելի է սրել Նիկոլի նյարդերը, ու նա իրավապահ մարմիններին հանձնարարել է հնարավորինս արագ ԲՀԿ մի քանի պատգամավորների հանդեպ քրեական գործերն ամփոփել և ներկայացնել իրենց։ Ավելին,  ըստ մեր տեղեկության,  Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության կազմում բոլորը չէ,  որ ողջունում են Նիկոլի նման մտասևեռումը։  Կան մարդիկ,  ովքեր այդ նիստի ընթացքում փորձել են հակառակվել Նիկոլին և ասել,  որ քաղաքական դեմքերի և հատկապես Նաիրա Զոհրաբյանի հանդեպ քրեական գործի հարուցումը դիտվելու է զուտ քաղաքական հաշվեհարդար,  սակայն վարչության երկու անդամներ՝ Ալեն Սիմոնյանն ու Արփի Դավոյանը, Փաշինյանին հորդորել են ոչ մեկին չլսել և գնալ առաջ։

Մեր տեղեկությամբ՝ այս ողջ գործընթացից տեղյակ են նաև եվրոպական մի քանի կառույցներ,   ովքեր առաջիկայում արձագանքելու են ԲՀԿ քաղաքական թևի հանդեպ Փաշինյանի քաղաքական հաշվեհարդարներին։

Տեսանյութեր

Լրահոս