Կարանտին՝ արտակարգ դրության փոխարեն. ի՞նչ սահմանափակումներ կգործեն
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցն է:
Օրենսդրական փաթեթը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը: Ըստ նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում առաջարկվում է սահմանել կարանտին:
«Առաջարկվող օրենսդրական փաթեթը հիմնականում պահպանել է այժմ կիրառվող սահմանափակումների որոշ հատվածը՝ այնպիսին՝ ինչպիսին եղել են էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով անձանց տեղորոշումը և վարակակիրների հայտնաբերումը, այլևս չի կիրառվելու: Արտակարգ դրությամբ սահմանված կարգով այդ տվյալները ոչնչացվելու են:
Իրավաբանական անձանց գործունեության մասով տնտեսական գործունեության դադարեցման հնարավորություն նախատեսված չէ, այլ նախատեսված է միայն անվտանգության կանոնների սահմանում և սահմանափակումներ՝ միայն բացառիկ դեպքում, երբ կոնկրետ իրավաբանական անձը կհանդիսանա տարածքի վարակի աղբյուր, հնարավոր է կարանտին սահմանել նաև այդ հատվածում»,- ասաց նա: