Հրաշքների մասին
Հրաշքները մեր հոգևոր կյանքի այն լուսավոր դրսևորումներն են, որոնք պայմանավորված են հավատքով: Չպետք է մոռանալ՝ հավատքից է ծնվում հրաշքը: Միայն հավատքի առկայության պարագայում է, որ հրաշքը դառնում է Աստծո կողմից մարդուն պարգևված լույս, որով մարդը հնարավորություն է ունենում ճանաչել Տիրոջ անսահման զորությունն ու բարությունը:
Պետք է նաև փաստել, որ այսօր մեզնից շատերը բողոքում են իրենց կյանքի դժվարություններից, ինչպես նաև վստահորեն ասում, որ այս կյանքն անընդմեջ տանջանք է, ուր չկա ոչ մի հրաշք: Գուցե նման մարդկանց կյանքում իրապես ոչ մի հրաշք տեղի չի ունեցել, սակայն պատճառը ոչ թե հրաշքների բացակայությունն է, այլ այդ մարդկանց թերահավատությունը հրաշքների հանդեպ:
Փաստենք, որ հաճախ հրաշք տեսնելը ենթադրում նաև պատասխանատվություն: Քրիստոս երբեք հրաշք չգործեց՝ մարդկանց զարմացնելու համար, այլ գործեց, որ ցույց տա Աստծո սերը: Այդ սիրո առաջ յուրաքանչյուրս ենք պատասխանատու:
Անշուշտ, անչափ կարևոր է նկատել այն հրաշքները, որոնք կատարվում են նաև մեր օրերում, սակայն նույնչափ կարևոր է նաև ամեն րոպե ու ամեն օր չսպասել դրանց, որովհետև կյանքի իրական հրաշքները տեղի են ունենում ամենասովորական պայմաններում, երբ ապրում ենք մեր լիարժեք կյանքով։
Իրական քրիստոնյայի կյանքում հրաշք է Աստծո պարգևած ամեն օրն ու ժամը: Այն արևը, որ շողում է, այն գիշերը, որ լուսանում է, այն ուժը, որ ստանում ենք Աստծուց, և այն անկեղծ աղոթքը, որ մխիթարում ու զորացնում է մեզ:
Արմեն Չաքմիշյան
qahana.am