Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ ներկայացրած դիմումը վերադարձնելու վերաբերյալ որոշում դեռևս կայացված չէ. ՍԴ աշխատակազմ

2020 թվականի հունիսի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում էին ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ավելի վաղ բարձր դատարանին ուղղած իրենց դիմումը հետ վերցնելու համար: Դեռ 2018 թվականին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել էին ՍԴ՝ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) Սահմանադրությանը համապատասխանելու հարցի վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը երկու ամիս առաջ, երբ ԱԺ-ն ընդունեց Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունը, լրագրողներին տեղեկացրեց, որ դիմումը հետ վերցնելու պատճառը ՍԴ շուրջ վերջին զարգացումների հետ չնույնականացնելն է:

Սակայն, մինչ օրս, դիմումը վերադարձնելու վերաբերյալ ՍԴ-ն որոշում չի կայացրել:

«Ինչպես հայտնի է մամուլից, իրենք նման դիմում ներկայացրել էին, որպեսզի իրենց դիմումը ետ վերցնեն: Այդ մասով տեղեկատվությունը հստակ է: Հարցը գտնվում է աշխատակարգային նիստի օրակարգում, դեռևս որոշում կայացված չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմից Ռուզաննա Աբրահամյանը:

Հստակեցնող հարցին, թե դա նշանակում է, որ աշխատակարգային նիստ դեռևս տեղի չի ունեցել, Ռուզաննա Աբրահամյանը պատասխանեց.

«Իրականում կարող է տեղի ունենալ աշխատակարգային նիստ, բայց տվյալ հարցի առնչությամբ որոշում կայացված չլինի՝ տարբեր պատճառներով, նախևառաջ հարցը պիտի ընդգրկված լինի օրակարգում, հետո հարցի վերաբերյալ կարող է տարբեր պատճառներով որոշում չկայացվել: Ամեն դեպքում, փաստը մնում է փաստ՝ այս պահին մենք չունենք նշված հարցով կայացված որոշում, հարցը գտնվում է աշխատակարգային նիստի օրակարգում»:

168.am-ի հետ զրույցում ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի տրամաբանությունն այն է, որ հունիսի 25-ին ներկայացրած իրենց միջնորդությունը ՍԴ-ն պետք է հերթական աշխատակարգային նիստում քննարկեր, որը չի կատարվել:

«Սահմանադրական արդարադատության ոլորտում կան կոնկրետ ժամկետներ, որոնցում պետք է կայացվեն որոշումները, կամ երկարաձգվի որոշումների քննությունը, այսինքն՝ գործերի քննությունը: Տվյալ դեպքում մենք գտնվում ենք 3 ամիս ժամկետի ռեժիմում, և որը, կարծես թե, արդեն իսկ խախտվել է: Ես ինքս աշխատակարգային որոշում՝ գործի քննությունը երկարաձգելու վերաբերյալ, չեմ տեսել»,- ասաց փաստաբանը:

Հարցին, թե սա նշանակո՞ւմ է, որ դատարանն այլևս չի կարողանա անդրադառնալ այս գործին՝ թեկուզ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի տիրույթում, Ա. Վարդևանյանը պատասխանեց.

«Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, որովհետև փաստ պետք է արձանագրեմ: Սա վկայում է սահմանադրական ճգնաժամի մասին, որովհետև հանրային իշխանության որոշ մարմիններ կան, որոնց գործունեությունը, պարզապես հենց կանխավարկածն այնպիսին է, որ չի կարող խաթարվել, պարզապես չի կարող: Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ պետք է լինի այս ամենի պատասխանատուն, որովհետև մենք խոսում ենք Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության խաթարման մասին՝ փաստացի:

Կա կարծիք, որ, ենթադրենք, ՍԴ-ի բնականոն գործունեության ապահովման պատասխանատվությունը ստանձնել է ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը: Միգուցե ի՞ր պատասխանատվության տիրույթում է: Կամ կարող ենք մի քիչ ավելի խորքային դիտարկել հարցը, որ առհասարակ չէր կարող նման Սահմանադրական փոփոխություն լիներ, և հենց նման սցենարի համար էր, որ Վենետիկի հանձնաժողովն ուղղակիորեն նշել էր, որ պետք է նախատեսվի անցումային ժամկետ՝ այս շրջանը սահուն անցկացնելու համար, և դրա պատճառներից մեկը, բնականաբար, վերաբերում էր անձանց անհատական գանգատների չխաթարմանը, դրանց քննության կայունության ապահովմանը: Բայց մենք ունեցանք բոլոր այդ կարծիքներին, դիրքորոշումներին հակառակ մոտեցում:

Ես գտնում եմ, որ այստեղ ուղղակի մենք ունենք դասական իմաստով սահմանադրական արդարադատության ճգնաժամային իրավիճակ, ունենք օրենսդրական տեսանկյունից փակուղային իրավիճակ, և որի պատասխանատվությունն առնվազն պետք է դիտարկվի Ազգային ժողովից մինչև ՍԴ-ի նախագահի պարտականությունները կատարողի տիրույթում: Սա է հարցը: Ես վերջնական գնահատական չեմ կարող տալ այդ մասով, բայց կարող եմ մի բան հստակ ասել, որ, եթե Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքում զետեղված պահանջները և առաջարկները պահպանվեին լիովին, նման իրավիճակ չէր լինելու, պարզապես չէր լինելու»:

Հիշեցնենք, որ, երբ ԱԺ-ն ընդունեց սահմանադրական փոփոխությունները, որի համաձայն՝ ՍԴ դատավորի իրենց պաշտոնից պետք է ազատվեն բարձր դատարանում 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորները, իսկ Հրայր Թովմասյանը պետք է դադարի պաշտոնավարել՝ որպես ՍԴ նախագահ, ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախաձեռնեց այդ փոփոխությունները Սահմանադրական դատարանում վիճարկելու գործընթաց: Դրա համար ԲՀԿ-ին անհրաժեշտ էր ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» առնվազն 2 պատգամավորի ստորագրությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել էր, որ իրենք չեն միանա ԲՀԿ-ի նախաձեռնությանը և ՍԴ կդիմեն հուլիսի 7-ից հետո` Բարձր դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի քննության ավարտից հետո:

Տեսանյութեր

Լրահոս