Սահմանվում են ՏԻՄ-երում աշխարհազորի և աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները
Պաշտպանության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման եւ ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
«Օրենքի նախագծի ներկայացումը բխում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր եւ համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի եւ պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման եւ կազմակերպման անհրաժեշտությամբ»,- նշված է նախագծում։
Ըստ նախագծի՝ ներկայումս Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել եւս Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում:
«Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրթյունը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական, կամ հետախուզական, կամ հատուկ օպերացիաների ուժերի եւ այլ գործողությունների, ինչպես նաեւ հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ:
Դրանց դիմակայելու, չեզոքացնելու եւ ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի եւ միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որը պատերազմի ժամանակ ի զորու կլինի հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարեւորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները»,- նշված է նախագծում։
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը, պաշտպանության կազմակերպմանը համընդհանուր եւ համազգային բնույթ հաղորդելուն: