«Դա ահաբեկիչների ուղերձն է»․ Սիրիայի վարչապետ
Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսը Դամասկոսի արվարձանում գազատարի պայթյունը որակել է որպես ահաբեկիչների «ուղերձ»՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Սահմանադրական կոմիտեի փոքր խմբի բանակցությունների նախաշեմին, որը օգոստոսի 24-ին աշխատանքն է վերսկսում Ժնեւում:
Լույս օգոստոսի 24-ի գիշերը գազատարի հզոր պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի մայրաքաղաքի Ադրայի եւ Դումեյրի բնակավայրերի միջեւ, որն էլեկտրաէներգիայի անջատման է հանգեցրել հանրապետության ամբողջ տարածքում: Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի պատճառը դարձել է ահաբեկչությունը: Էլեկտրականության մատակարարումը մեծ մասամբ հաջողվել է վերականգնել պայթյունից երեք ժամ անց: Մինչեւ օգոստոսի 24-ի առավոտյան հրշեջների բրիգադները՝ բանակի աջակցությամբ, տեղաայնացրել են հրդեհը եւ ձեռնամուխ եղել վերանորոգման աշխատանքներին:
«Դա ահաբեկիչների ուղերձն է Սահմանադրական փոքր հանձնաժողովի բանակցությունների նախաշեմին, որը, ինչպես դուք գիտեք, մեկնարկում է այսօր: Նրանք ցանկանում են մեզ տեղեկացնել, որ իրենց լեզուն ավերածությունն է ու վնասը»,- Առնուսը հայտարարել է պայթյունի վայրում գտնվող լրագրողներին:
Սիրիայի Սահմանադրական կոմիտեն օգոստոսի 24-ին վերսկսում է աշխատանքը 9–մսյա ընդմիջումից հետո: Կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչները ՄԱԿ-ի հովանու ներքո կրկին հավաքվում են Ժնեւում՝ փոքր խմբի կազմում՝ շարունակելու նոր Սահմանադրության քննարկումը:
Վարչապետը հայտնել է, որ գազատարի վերանորոգումը պլանավորվում է ավարտել օրվա ընթացքում: Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը հաջողվել է վերականգնել Սիրիայի նահանգների 60 տոկոսում՝ պայթյունից արդեն երեք ժամ հետո: Դամասկոսում էլեկտրամատակարարումը վերսկսվել Է մեկ ժամ անց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: