«Եթե մինչ այժմ ՌԴ-ն չեզոքություն էր ցուցաբերում, ապա հիմա քիչ-քիչ փոխում է մարտավարությունը՝ կանգնելով Լուկաշենկոյի կողքին»․ Կարբալևիչ

168am-ի զրուցակիցն է բելառուս քաղաքական մեկնաբան Վալեր Կարբալևիչը

 – Պարոն Կարբալևիչ, թեև Դուք շաբաթներ առաջ կանխատեսում էիք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով ցույցերը կճնշվեն, սակայն բազմամարդ ցույցերը և քաղաքական ցնցումները Բելառուսում չեն դադարում։ Ավելին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնում է ցուցարարներին համապատասխան գործողություններով, տեսախցիկների առջև է հայտնվում զրահաբաճկոնով և ինքնաձիգով, մեղադրում Արևմուտքին, օգնության կանչում և հղումներ կատարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, զուգահեռաբար՝ նոր ձերբակալություններ են տեղի ունենում Բելառուսում։ Ինչպե՞ս ներկայումս կբնութագրեք ստեղծված իրավիճակը Ձեր երկրում։

– Այս ցույցերը տեղի են ունենում ալիքաձև, մեկ վերելք է, մեկ՝ անկում, վերջին շրջանում որոշակի անկում կար, բայց կիրակի օրը փողոց դուրս եկավ 100.000 մարդ, այսինքն՝ այս բողոքը ցույց է տալիս ու արտացոլում, որ հասարակությունը չի ցանկանում հանձնվել և պատրաստ է շարունակել ցույցերը, գուցե ոչ այնքան ինտենսիվ, ինչպես նախկինում՝ սկզբնական փուլում, բայց դրանք շարունակվում են։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ իշխանությունը շարունակում է բազմակողմանի ճնշումը, ճնշումը բոլոր մակարդակներում՝ մեկին ձերբակալում են, մյուսին՝ ճնշում, մյուսին՝ մեկ այլ բան անում, սակայն իրավիճակն այն է, որ իշխանությունը ևս անցնում է հարձակման։ Այսինքն՝ հակամարտությունը սրվում է և դրա կարգավորումը չի երևում։ Բնականաբար, կարգավորումը կլինի կողմերից մեկի հաղթանակը, քանի որ Լուկաշենկոն որևէ կերպ չի ցանկանում բանակցությունների մեջ մտնել հակառակորդ կողմի հետ։

Բարդ է ասել, թե որ կողմի հաղթանակն է հնարավոր։ Բայց հասկանալի է, որ իրավիճակն իշխանության օգտին է դեռ, քանի որ իշխանության կողքին է պետական ապարատը, ուժային կառույցները, նրանք պահպանում են իրենց նվիրվածությունը Լուկաշենկոյին, այդ պատճառով նա կարող է հիմնվել այդ կառույցների վրա՝ ճնշելու համար այդ ցույցերը։

Օրինակ՝ նախօրեին Բելառուսի պատմության մեջ առաջին անգամ բանակը կիրառվեց ներքին կոնֆլիկտի լուծման համար, և դա էլ ավելի է սրում իրավիճակը երկրում։

– Բելառուսի նախագահը և որոշ շրջանակներ պնդում են, որ Արևմուտքն աջակցում է Բելառուսի ընդդիմադիր շարժմանը, այդ թվում՝ ռազմական առումով։ Ինչպիսի՞ն է Արևմուտքի դերակատարությունը։

– Ո՛չ։ Այն, ինչ պնդում են Բելառուսի և Ռուսաստանի իշխանություններն այն մասով, որ Արևմուտքը գունավոր հեղափոխություն է իրականացնում Բելառուսում, չի համապատասխանում իրականությանը, քանի որ ես այն կարծիքին եմ, որ հեղափոխություն այլ երկրից հնարավոր չէ իրականացնել։ Իսկ ինչ վերաբերում է ազդեցությանը, ապա ազդեցությունը հասկանալի է, քանի որ Բելառուսը սահմանակից է ԵՄ երեք երկրի հետ, և արևմտյան քաղաքական գործիչները հրապարակային դժգոհություն են հայտնում իշխանություններից, կոչ են անում իշխանություններին դադարեցնել քաղաքական ռեպրեսիաները, անցկացնել նոր ընտրություններ, սպառնում են նոր պատժամիջոցներով։ Ուստի, այո, կա ազդեցություն, բայց դա ուժեղ չէ։

– Բելառուսի իշխանությունների ջանքերով Ռուսաստանին մեծ դերակատարություն է վերագրվել բելառուսական ներքին իրավիճակի հանգուցալուծման հարցում։ Չնայած ուկրաինական և վրացական զարգացումներից հետո ՌԴ իշխանական և փորձագիտական շրջանակները զգուշավորությամբ են մեկնաբանում ներքին իրավիճակները գործընկերներ երկրներում, և բելառուսական զարգացումների ֆոնին ևս չեզոքություն են փորձում պահպանել, Բելառուսի նախագահը հաճախ է հղում կատարում, թե ինչ է ցանկանում ՌԴ նախագահը Բելառուսում, ինչպես կաջակցի Ռուսաստանը ռազմականապես երկրի ներքին իրավիճակը կարգավորելու հարցում։ Լուկաշենկոն նաև պնդում է, որ իրավիճակի իր և Պուտինի գնահատականները նույնական են։ Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է իրականում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը և կարծիքը Բելառուսում տեղի ունեցողի վերաբերյալ, կարո՞ղ է արդյոք ՌԴ-ից լինել ռազմական աջակցություն Լուկաշենկոյին, ինչպես վերջինս պնդում է, կամ ինչպիսի՞ աջակցություն է հնարավոր։

– Ռուսաստանի դիրքորոշումը փոխվում է կարծես։ Եթե մինչ այժմ Ռուսաստանը չեզոքություն էր ցուցաբերում Բելառուսի ներքին կոնֆլիկտի հարցում, ապա հիմա Ռուսաստանը քիչ-քիչ փոխում է մարտավարությունը՝ կանգնելով Լուկաշենկոյի կողքին։ Դա արտահայտվում է քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական առումով։

Օրինակ՝ Բելառուս են ժամանել ռուս լրագրողներ, և կարելի է ենթադրել նաև, որ ռուս քաղտեխնոլոգներ, և նրանք կցվել են Լուկաշենկոյի աջակցության տեղեկատվական արշավին։ Այսինքն՝ տեղի է ունենում Բելառուսի և Ռուսաստանի տեղեկատվական քաղաքականությունների սինխրոնիզացիա այս թեմայի հարցում, այսինքն՝ սցենարները նույն կերպ են ներկայացվելու երկու երկրներում, ֆեյքերը ևս գործի մեջ են։ Սակայն նման քաղաքականությունը չի կարող դրական ավարտ ունենալ Ռուսաստանի համար, քանի որ կանգնելով Լուկաշենկոյի կողքին՝ ՌԴ-ն կարող է կորցնել Բելառուսի հասարակությանը, որը բավականին լոյալ վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ, իսկ կանգնելով Լուկաշենկոյի կողքին՝ Ռուսաստանը բելառուսներին ռուսաֆոբիա կներարկի, ինչպես դա եղավ Ուկրաինայի և Վրաստանի դեպքում։

– Վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում էր Ռուսաստան-Բելառուս միավորված պետության գաղափարը, շատ տարբեր մոդելներ էին քննարկվում, տարաձայնություններ կային երկու երկրների ղեկավարների միջև այս հարցի շուրջ։ Բելառուսում քաղաքական ճգնաժամի պայմաններում այս սցենարի հավանականություն տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։

– Այն, որ Ռուսաստանի իշխանությունը մաքսիմալ կերպով ցանկանում է զրկել Բելառուսին իր պետական ինքնիշխանությունից, ակնհայտ է։ Այս ճգնաժամային փուլում այդ պրոյեկտի իրագործման հավանականություն դեռ չեմ տեսնում, քանի որ նման պրոյեկտի իրագործման համար նախ լեգիտիմ իշխանություն է հարկավոր Բելառուսում, իսկ Լուկաշենկոյի լեգիտիմությունը կասկածելի է։ Եթե նման փորձեր լինեն, դրանք ավելի կսրեն հասարակության տրամադրությունները։ Ուստի չեմ կարծում, թե Ռուսաստանը ներկայումս փորձի նման բան անել, բայց եթե Լուկաշենկոյին հաջողվի հաղթանակ տանել այս իրավիճակում, ապա Մոսկվայի տեսանկյունից նա կարող է դիտարկվել թույլ, և որոշակի փորձեր լինեն՝ Բելառուսի ինքնիշխանությունը դարձնել ֆորմալ բնույթի, երբ Մոսկվայի վերահսկողությունը կլինի Բելառուսի նկատմամբ աննախադեպ մեծ։

– Շատ փորձագետների որակմամբ՝ Բելառուսում իշխանափոխությունն առանցքային հանգրվան է լինելու հետսովետական տարածաշրջանի զարգացման հարցում։ Կան կարծիքներ, որ ռուս հասարակությունը կարող է օրինակ վերցնել այն զարգացումներից, որոնք տեղի են ունենում Բելառուսում։ Ի՞նչ եք կարծում՝ Բելառուսում իշխանափոխությունը որքանո՞վ ճակատագրական կարող է լինել հետսովետական տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի համար։

– Այդ մասին, ըստ իս, խոսելը դեռ վաղ է, քանի որ դեռ հասկանալի չէ, թե ինչպես կավարտվեն բելառուսական զարգացումները։ Բայց հասկանալի է, որ Բելառուսում իշխանափոխությունը բուռն բացասական արձագանք կունենա Ռուսաստանի իշխանությունների կողմից։ Աշխարհում կան ավտորիտար ռեժիմներ, բոլոր այդ ռեժիմների համար սա կարող է դառնալ վտանգավոր զարգացում այդ ռեժիմների համար։ Բայց սա դեռ շատ հեռավոր սցենար է։ Ամեն բան հնարավոր է։

– Հայաստանում և շատ այլ երկրներում ավելի վաղ քննարկում էինք, թե ինչու շատ երկրների իշխանություններ, այդ թվում՝ ՀՀ իշխանությունները, շտապեցին շնորհավորել Լուկաշենկոյին, ում դեմ բողոքի ցույցեր էին տեղի ունենում։ Բելառուսում ինչպիսի՞ դիրքորոշում են ակնկալում գործընկեր երկրներից, այդ թվում՝ այնպիսի երկրից, ինչպիսին Հայաստանն է։

– Եթե չեմ սխալվում, հարցի առաջին մասին անդրադարձել էինք ավելի վաղ, սակայն կրկնեմ, որ, ամենայն հավանականությամբ, ՀՀ իշխանությունները վատ տեղեկացված էին Բելառուսում իրական իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանը և Բելառուսը միությունների են անդամակցում, և տրամաբանական է, որ մենք գործընկեր ենք, և ակնկալվում է, որ գործընկերներն աջակցում են միմյանց։ Եվ ամենակարևորն ըստ իս՝ այն է, որ պաշտոնական Երևանը ցավագին է ընկալում, որ Բելառուսը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և կարծում եմ, որ, երբ Ալիևը շնորհավորեց, իսկ եթե ՀՀ իշխանությունները չշնորհավորեին, ապա կշեռքի նժարը կլիներ Ադրբեջանի օգտին, որը փորձեցին թույլ չտալ։ Կարծում եմ՝ սրանք մոտիվացիա էին՝ շնորհավորել Լուկաշենկոյին։

Կարծում եմ՝ Բելառուսի հասարակությունն ինտեգրացիոն միավորումներից ոչինչ չի ակնկալում, միակ գործոնը, որն ազդում է, Ռուսաստանն է, իսկ մյուս երկրների դիրքորոշումները չունեն որևէ ազդեցություն։ Այսօր ամենաքննարկվողը և ամենամեծ ազդեցություն ունեցողը Ռուսաստանի դիրքորոշումն է։

 

Տեսանյութեր

Լրահոս