Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին
«Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին։
Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ։
Ըստ նախաքննական մարմնի՝ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-րդ մասով, այն բանի համար, որ նա «դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտանհարգալից վերաբերմունք դրսևորելով անձի նկտմամբ , կատարել է խուլիգանություն,որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին»։
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևան քաղաքի «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում նկատելով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, բարևել է նրան, սակայն վերջինս, ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով, սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի և նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Ա.Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Ա. Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ է սկսվել: Այդ ժամանակ Ա. Դանիելյանը, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երևանի մարդաշատ զբոսայգում գտնվելու հանգամանքը, տարածքում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով, շարունակել է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անթաքույց արհամարհանք և բացահայտ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՀՀ օրենսդիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի հասցեին և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Ա.Սիմոնյանի գլխի շրջանին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է միջադեպի տեսագրությունը, որտեղ տեսանելի է, թե ինչպես է Ալեն Սիմոնյանը մոտենում ու առաջինը գլխով հարված Ա.Դանիելյանին։