Քաղաքական խաղերի տնտեսական ստվերները
Այն, որ բուժհաստատություններում ստվերն ահավոր մեծ չափերի է հասնում, երևում է անգամ անզեն աչքով։ Ու թեպետ ՀՀ բարձրաստիճան պետական այրերը նոր են սկսել այդ մասին խոսել, այն էլ՝ մեծ ոգևորությամբ, ստվերի առկայությունը վաղուց հայտնի երևույթ էր, որը պարզելու համար հարկավոր էլ չի անգամ հատուկ ստուգումներ անցկացնել։
Չենք ասում հիմնվենք զուտ ենթադրությունների վրա կամ խոսակցությունների վրա։ Կարելի է պարզապես տրամաբանել։ Փորձենք դա միասին անել։ Խոստանում ենք, որ չենք ծանրաբեռնի թվերով և անհարկի չենք ձգձգի ասելիքը։ Նախ, բոլորովին վերջերս ներկայացրել էինք պաշտոնական վիճակագրության տվյալները, որոնց համաձայն հանրապետությունում հիվանդությունների թիվը նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել է։ Ընդ որում, այդ դինամիկան միայն այս տարի չէ, որ գրանցվում է։ Տնտեսական աճին զուգահեռ հիվանդների թիվը շատացել է։ Թե ինչո՞ւ՝ դա այլ հարց է։ Որքան էլ ցավալի լինի, արձանագրենք, որ բուժհաստատությունների հաճախորդների թիվը շատացել է։ Եվ երկրորդ կարևոր պահը. աճել են նաև բուժհաստատությունների ծառայությունների և դեղորայքի գները։ Հասարակ կոնսուլտացիան քիչ, թե շատ հեղինակավոր կլինիկաներում արժե 5000-10000 դրամ։
Հիմա այս երկու գործոնը նկատի ունենալով՝ հարցնենք՝ հնարավո՞ր է, որ առողջապահության ոլորտում եկամուտները շեշտակի աճած չլինեն։ Միայն միամիտ մարդը կարող է այս հարցին դրական պատասխան տալ։
Ամեն դեպքում, ստուգումները ավելորդ չեն (եթե դրանք անցկացվում են պատշաճ և անկողմնակալ ձևով)։ Դրանք թույլ են տալիս պատկերացում կազմել ստվերի գոնե մոտավոր չափերի մասին։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը երեկ մոտավորապես ներկայացրել է պատկերը։ Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն առողջապահության նախարարությունում անցկացրել է խորհրդակցություն, որտեղ քննարկվել են բնագավառում առկա չարաշահումներն ու կոռուպցիոն դրսևորումները։ Արմեն Ալավերդյանն այդ խորհրդակցության ժամանակ նշել է, որ ուսումնասիրված կազմակերպությունների շրջանառությունները և հարկային ցուցանիշները չեն համապատասխանում երկրի տնտեսական ընդհանուր աճին, իսկ կազմակերպությունների 50 տոկոսը ներկայացնում է, թե վնասով է աշխատում: «Հանրապետության ողջ տարածքում ուսումնասիրվել է 95 հանձնարարագիր, որոնցից 15-ի մոտ ներկայացված շրջանառության նվազագույն շեղումն իրականությունից կազմում է 40 տոկոս: Դեպքեր կան, երբ նկատվում է օրական շրջանառության 80-90 տոկոսի տարբերություն»,- նշել է Ալավերդյանը։
Սա սարսափելի ցուցանիշ է։ 90 տոկոսի տարբերությունը նշանակում է 10 անգամ պակաս շրջանառություն ցույց տալ։ Շրջանառության իրական ծավալները թաքցվում են հիմնականում ՀԴՄ կտրոններ չտրամադրելու ճանապարհով։ Բացի այդ, չեն հայտարարագրվում իրական աշխատավարձերը, ոլորտում առկա են վարձատրման ստվերային երևույթներ, ինչի հետևանքով աշխատավարձերի սոցվճարները և եկամտահարկը ցածր են լինում։
ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանն էլ նշել է, որ չափագրումների արդյունքներով օրական արձանագրվում է գործունեության ծավալների 50 տոկոսի աճ: Միևնույն ժամանակ 50-ից ավելի ձեռնարկություններ շահութահարկի գծով վնասով աշխատելու հաշվետվություններ են ներկայացրել:
«Այսինքն, շահույթի հետ կապված լուրջ խնդիրներ են առկա: Բոլոր ձեռնարկություններն ինքնուրույն պետք է ուղղեն իրենց հարկային հաշվետվությունները, հակառակ դեպքում` մեր գործողությունները կլինեն անցանկալի՝ կիրականացվեն օպերատիվ հետախուզական և հետաքննչական աշխատանքներ»,- ասել է Գ. Խաչատրյանը:
Իրականում շատ էլ ցանկալի է, որ ՊԵԿ-ն անցանկալի գործողություններ իրականացնի։ Շուտ էր պետք։ Սակայն հենց այստեղ էլ առաջ է գալիս այն հիմնական հարցը, որը վերջին շրջանում բազմիցս առաջ է գալիս։ Ինչո՞ւ այս քայլերը շուտ չէին արվում։ Չգիտեի՞ն, որ առողջապահության ոլորտում մեծ ստվեր կա։ Իհարկե, գիտեին. նյութի սկզբի կարճ նախաբանը հենց դրա մասին էր։
Պարզապես ստվերից բացի գիտեին նաև, թե ոլորտը ում հսկողության տակ է։ Այսինքն՝ նախկին հանդուրժողականության ու ներկայիս հանկարծակի անհանդուրժողականության պատճառները տեղավորվում են նույն տրամաբանության մեջ, ինչ տրամաբանության մեջ մեղադրանք առաջադրվեց Վարդան Օսկանյանին։ Հանցակազմի առկայությունը կամ լուրջ կասկածները հայաստանյան իրականության մեջ դեր չեն խաղում։ Վճռական քայլեր ձեռնարկելու համար անհրաժեշտ և բավարար պայման է քաղաքական նպատակահարմարությունն ու շահերը։
Այսինքն, մեր երկրում ամեն ինչ գտնվում է քաղաքականության, կամ ավելի ճիշտ՝ քաղաքական առևտրի ստվերում։ Այդ թվում և ստվերային տնտեսությունը։