Բաժիններ՝

«Արդյոք նորմա՞լ է, որ ՏՏ ոլորտն առաջնահերթություն հայտարարած երկրում գործում են երկակի ստանդարտներ». Ստարտափի հիմնադիր

«Ֆաստմեդ» ստարտափի հիմնադիր Գրիշա Կորկոտյանն օրերս ֆեյսբուքյան էջում բաց նամակով, ի դեմս Նիկոլ Փաշինյանի և Հակոբ Արշակյանի՝ դիմել էր Կառավարությանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  (ԲՏԱ) նախարարությանը, նշելով, որ ՏՏ ոլորտն առաջնահերթություն հայտարարած երկրում գործում են երկակի ստանդարտներ:

«Գրում եմ խորը հիասթափությունից դրդված: Ավելին քան 3 տարի առանց պետական որևէ աջակցության աշխատում ենք «Ֆաստմեդ» ստարտափի կայացման ուղղությամբ: Այդ ժամանակահատվածում մոտ 50 հոգի անշահախնդիր մասնակցել են ստարտափի կայացման աշխատանքներին:

Քովիդ-19-ի ժամանակաշրջանում բազմաթիվ դժվարություններ անտեսելով, հասանելի դարձրեցինք դեղորայքի առաքման ծառայությունը, որն ինքնամեկուսացված, տեղաշարժման խնդիր ունեցող, դեղորայքն առաքող մարդ չունեցող բազմաթիվ քաղաքացիների համար իրապես խնդիր լուծեց: Քովիդ-19 դրամաշնորհի համար նույնպես դիմեցինք՝ համարելով, որ «Ֆաստմեդի» օգնությամբ մարդիկ ստիպված չեն լինի տանից դուրս գալ նույնիսկ դեղորայք գնելու նպատակով, այդպիսով իսկ պահպանելով վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների պահանջները: Սակայն արդյունքում ԲՏԱ նախարարությունից ստացանք նամակ, որով մեզ տեղեկացրեցին մրցույթին մասնակցելու համար բավարար միավոր չհավաքելու մասին:

Հույս ունենալով հաղթահարել ճգնաժամային իրավիճակը՝ մենք դիմեցինք 17-րդ միջոցառման դրամաշնորհային մրցույթին, որտեղից կրկին նամակ ստացանք՝ մրցույթին մասնակցելու համար բավարար միավոր չհավաքելու մասին: Միևնույն ժամանակ, ուսումնասիրելով մրցույթի հաջորդ փուլ անցած մասնակիցների ցանկը, պարզ է դառնում, որ ընտրվել են տարիներով գործունեություն ծավալած, ներդրումներ և դրամաշնորհներ նախկինում ստացած ընկերություններ:

Ակամա այսպիսի հարցեր են ծագում՝

1) Արդյո՞ք նորմալ է, որ ՏՏ ոլորտն առաջնահերթություն հայտարարած երկրում գործում են երկակի ստանդարտներ և նմանատիպ մոտեցումներ։

2) Ի՞նչ լոգիկայով է ընտրվում դրամաշնորհային մրցույթի ժյուրին, որի անդամները հիմնականում միևնույն մարդիկ են լինում և մրցույթի մասնակիցներից շատերի հետ միասին անցած ճանապարհ ունեն։

3) Ի՞նչ լոգիկայով են գնահատում մրցույթի ժյուրիի անդամները, որ Քովիդ-19-ի կանխարգելման միջոցառումների շրջանակում մի հարթակ, որն ինքնամեկուսացման պայմաններում գտնվող մարդկանց կարող է ապահովել դեղորայքով, նույնիսկ բավարար միավոր չի հավաքում Քովիդ-19 դրամաշնորհին մասնակցելու համար։ Ստացվում է մի աբսուրդ իրավիճակ, երբ պարզապես կայքերի պատրաստմամբ զբաղվող որևէ մի ընկերություն Քովիդ-19 դրամաշնորհին մասնակցելու համար բավարար միավոր հավաքում է, իսկ մարդկանց համար իրական խնդիր լուծող ստարտափը՝ ոչ։

4) Արդյո՞ք նորմալ է, որ կայացած ընկերությունները աջակցություն ստանում են, իսկ աջակցության կարիք ունցողները՝ ոչ։

Ի վերջո՝ դուք գոնե տեղյա՞կ եք, թե Քովիդ-19-ով վարակված և հետևաբար տանը նստած քանի քաղաքացի չի ունեցել և ոչ մեկին, ով իրենց դեղը տուն կառաքեր»,- ասված է բաց-նամակում։

168.amԳրիշա Կորկոտյանից հետաքրքրվեց, թե արդյոք պատկան մարմիններն արձագանքե՞լ են գրառմանը, նա ասաց.

«Ֆեյսբուքյան բաց նամակին չեն արձագանքել:  Բացի այդ նամակը՝ կապվել ենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարության հետ, որտեղից մեզ խոստացել են բարձր մակարդակով խնդիրն ուսումնասիրել և պատասխանել»:

Ստարտափի հիմնադիրը հավելեց, որ ակնկալում է օբյեկտիվ մոտեցում:

«Ամեն դեպքում, սկսնակ ստարտափները, սկսնակ IT ընկերությունները,  մանավանդ մեր պարագայում՝ այնպիսի ընկերությունը, որը  խնդիր լուծող պրոդուկտ էր ստեղծել (կորոնավիրուսի պայմաններում շատ մարդկանց համար խնդիր էր լուծում՝ դեղորայքը հասանելի դարձնելով), նմանատիպ  պրոդուկտները գոնե թե աջակցություն ստանան իրենց կայացման ճանապարհին»,- եզրափակեց Գրիշա Կորկոտյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս