Պուտինը և Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Բելառուսի իրադրությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Բելառուսում ստեղծված իրադրությունը: Այդ մասին հաղորդել է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:
«Կանցլերն ընդգծել է, որ Բելառուսի կառավարությունը պետք է ձեռնպահ մնա խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելուց, անհապաղ ազատ արձակի քաղաքական բանտարկյալներին եւ համազգային երկխոսության մեջ մտնի ընդդիմության եւ հասարակության հետ՝ ճգնաժամը հաղթահարելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խոսակցությունը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:
«Իրադրության շուտափույթ նորմալացման հույս է հայտնվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ընդդիմության բողոքի զանգվածային ակցիաները ողջ Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին, նախագահի ընտրություններից հետո, որոնցում հաղթանակ է տարել պետության գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. ԿԸՀ-ի տվյալներով՝ նա հավաքել է ձայների 80,1 տոկոսը:
Առաջին օրերին ակցիաները ճնշվում էին ուժայինների կողմից, արդյունքների հետ չհամաձայնող ցուցարարների նկատմամբ կիրառել են արտասվաբեր գազ, ջրանետներ, լուսաաղմկահան նռնակներ, ռետինե փամփուշտներ:
Այնուհետեւ իրավապահ մարմինները դադարեցրել են հանրահավաքների ցրումը եւ ուժային մեթոդների կիրառումը: Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել: Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳ նախարարությունը, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, նրանց թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակից, մեկ ցուցարար զոհվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: