ԿԳՄՍ նախարարն ինքնամեկուսացման և շփումների սահմանափակման կոչ է արել աշակերտներին և ուսանողներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը աշակերտներին և ուսանողներին կամավոր ինքնամեկուսացման և շփումների սահմանափակման կոչ է արել:
Այս մասին նախարարը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Սիրելի ծնողներ, աշակերտներ և ուսանողներ, արդեն տեղեկացրել ենք, որ բուհերում և հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի երկրորդ կեսից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների): Ամբողջ տարվա ընթացքում ուսումնական գործընթացն ամբողջությամբ իրականացնելու, նոր սահմանափակումներից խուսափելու համար խնդրում ենք հնարավորության դեպքում սեպտեմբերի 1-14-ը ապահովել աշակերտների, ուսանողների շփումների սահմանափակում՝ կամավոր մեկուսացում, որպեսզի առավելագույնս կտրենք համավարակի տարածման շղթաները և ամենասկզբից վիրուսը չբերենք դպրոց՝ օգնելով նաև առողջապահական համակարգին էլ ավելի նվազեցնել վարակվածների թիվը»,- նշել է նախարարը:
Նա գրել է, որ շփումների զգալի սահմանափակումը մեծ հավանականությամբ կօգնի ուսումնական գործընթացը շարունակել առանց շեղումների՝ արդեն հաստատված դասացուցակներով և ծրագրերով: