Կառավարության 24-րդ ծրագիրն ունի հատուկ շեշտադրում. թիրախավորվել է խաղողի մթերման սեզոնը
Կառավարության 24-րդ միջոցառումը վերաբերում է գյուղոլորտի աջակցության ծրագրերին՝ առանձնահատուկ շեշտադրմամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ թիրախավորել է հատկապես խաղողի մթերման ժամանակահատվածը:
Նախարարը պարզաբանեց, որ չնայած աջակցությունն ուղղված է գինեգործությամբ և կոնյակագործությամբ զբաղվող կազմակերպություններին, սակայն աջակցության առանձնահատուկ պայմանը հետևյալն է՝ գումարները ստանում են ոչ թե կազմակերպությունները, այլ իրենց բանկային հաշիվներին՝ գյուղացիական տնտեսությունները, որոնք խաղող են վաճառել մթերող կազմակերպություններին:
«Այսինքն՝ յուրաքանչյուր վաճառքի դեպքում, որպեսզի կազմակերպությունն իր ֆինանսական վիճակի պատճառով չուշացնի վճարումները, կառավարությունն անտոկոս վարկային միջոցներ է հատկացնում, իսկ կազմակերպությունը երկու տարիների ընթացքում վերադարձնում է կառավարությանն այդ վարկային միջոցները»,- հավելեց նախարարը:
Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց նաև այս մոտեցման պատճառները. «Այս տարին տարբերվում է նախորդ տարիներից նրանով, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով գինի և կոնյակ արտադրող և վաճառող կազմակերպությունները թե՛ ներքին, և թե՛ արտահանման շուկաներում ունեն վաճառքների ծավալների զգալի կրճատում:
Կազմակերպությունների մոտ թվերը տարբեր են, բայց ընդհանրական է այն, որ այդ վաճառքները կրճատված են ավելի քան 30 տոկոսով: Դրանք մասնավորապես կրճատված են այն պատճառով, որ տևական ժամանակահատվածում կամ չի գործել, կամ (ոչ միայն ՀՀ-ում է այդպես, այլ նաև այն շուկաներում, որտեղ մենք սովորաբար վաճառում ենք) հանրային սննդի գործունեությունն իր բնականոն ծավալներով տեղի չի ունեցել»:
Նա նաև հավելեց՝ երբ վաճառքի ծավալները կրճատվում են, դա մի կողմից՝ հանգեցնում է նրան, որ կրճատվում են կազմակերպությունների դրամական եկամուտները, իսկ մյուս կողմից՝ բանկային համակարգն է ավելի զգուշավոր դառնում այդ կազմակերպություններին վարկավորելու հարցում.
«Եվ այստեղ է, որ կառավարությունն իր առանձնահատուկ, բացառիկ արտոնյալ պայմաններով վարկավորման ուժով նպատակ ունի բոլոր կազմակերպություններին ապահովել բավարար ֆինանսական միջոցներով, որպեսզի խաղողի մթերման սեզոնին ընդառաջ՝ ի վիճակի լինեն վճարել գյուղացիական տնտեսություններին՝ գնվող խաղողի դիմաց ամբողջ ծավալով»: