«Լիբանանում հայկական համայնքը Թուրքիայի համար թիրախ է. ակտիվացել են պրոթուրքական ուժերը». Վարդան Մարաշլյան
Այն, ինչ տեղի ունեցավ Լիբանանում, պարզապես շարունակությունն է այդ երկրում արդեն 40 տարի ընթացող գործընթացների, որոնց հետևանքով այդ 40 տարվա ընթացքում ականատեսն ենք եղել Լիբանանից քրիստոնյա բնակչության և, այդ թվում՝ հայերի արտագաղթի։
Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամի համահիմնադիր, տնօրեն Վարդան Մարաշլյանը՝ անդրադառնալով օգոստոսի 4-ին Բեյրութում որոտացած պայթյունին։
Խոսելով դրա հետևանքով հայ համայնքին աջակցելու համար ՀՀ իշխանությունների առաջնահերթությունների մասին՝ Մարաշլյանը նշեց. «Կառավարության անելիքները պետք է բաժանել կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի։ Կարճաժամկետում հենց նույն օրը կամ հաջորդ օրը Հայաստանից Լիբանան պետք է ուղարկեինք բժիշկների և փրկարարների։ Տեղի հայ համայնքը պետք է զգար, որ Հայաստանն իրենց կողքին է, սակայն դա չի արվել։ Մեզ համար Լիբանանը ռազմավարական տեսակետից շատ կարևոր է, և այդ առումով պետք է իմ նշած այս առաջին քայլը կատարվեր։ Երկրորդը՝ այստեղ կան լիբանանահայեր, որոնց ծնողները գտնվում էին Լիբանանում, պետք էր նրանց համար շատ արագ չվերթեր կազմակերպել, Կառավարությունը պետք է աջակցեր, որ այս մարդիկ կարողանային հասնել այնտեղ։ Հաջորդ քայլը, որի մասին ասում էին, դա «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի կողմից դրամահավաքի կազմակերպումն է, որը, իհարկե, արվեց»։
Ըստ նրա՝ Լիբանանին աջակցություն հասցնելու հարցում մեր հապաղումը կապված է նախևառաջ քաղաքական որոշումների կայացման հետ, և հենց ստեղծված իրավիճակում էր, որ պետք է երևար Հայաստան-Սփյուռք համագործակցության մասին ունեցած ելույթների կենսունակությունը։
«Ես՝ որպես հայրենադարձ, որպես ՀՀ հպարտ քաղաքացի՝ չկարողացա հպարտություն զգալ։ Տպավորություն էր, որ այդ պայթյունը տեղի է ունեցել Տանզանիայում։ Այն, որ մենք խոսում ենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կարևորության մասին, հենց այս պահին պետք է երևար»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակում բազմաթիվ էին անհրաժեշտ գործողությունները, որոնք պետք է աներ ոչ թե կոնկրետ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, այլ՝ անմիջապես Կառավարությունը։
Անդրադառնալով Լիբանանում թուրքական ներկայությանը՝ Հայկ Մարաշլյանը նշեց, որ արդեն կան քաղաքական ուժեր, որոնք պրոթուրքական են և վերջին զարգացումների համատեքստում Լիբանանում դրսևորում են ակտիվություն։
«Միանշանակ է, որ Թուրքիայի համար հայկական համայնքը թիրախ է. մենք տեսնում ենք, որ Թուրքիան այս առիթից ցանկանում է օգտվել։ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են մտնել այնտեղ, որտեղ հայկական համայնքն ուժեղ դիրքեր ունի»,- ասաց նա։
Անդրադառնալով հայրենադարձության խնդրին՝ Մարաշլյանը նկատեց, որ, եթե մենք հայտարարարենք համատարած հայրենադարձության գործընթացի մասին, ապա կստանանք մեր հասցեին մեղադրանքներ, թե տեսեք՝ հենց խնդիր է առաջանում, հայերը լքում են երկիրը, բացի այդ, պետական մակարդակով չկա երկարաժամկետ ռազմավարություն, թե ինչպես ենք կազմակերպելու հայրենադարձությունը։
«Հայաստանն ու Արցախը ոչ հոգեբանորեն, ոչ ֆինանսապես պատրաստ չեն հայրենադարձության կազմակերպման համար ֆինանսական լուրջ ներդրումների, իսկ որպեսզի նման ֆինանսական ներդրում աներ սփյուռքը, այդ հարցը պետք է դառնար օրակարգային հարց, որը չի դարձել այս տարիների ընթացքում, հետևաբար՝ հիմա պահն է, որ կազմակերպվի լուրջ քննարկում և կոնսենսուս ձևավորվի ՀՀ կառավարության և սփյուռքյան կառույցների միջև»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում