«49 տոկոսը վերահսկիչ փաթեթ չի. ինտերնետը ՀՀ-ի համար չի փակվի, բայց 49 տոկոս բաժնեմասի սեփականատերը կարող է ադրբեջանական ծրագրեր իրականացնել». վրացագետ

Վրաստանի խորհրդարանը հուլիսի 17-ին միաձայն՝ 88 «կողմ» ձայնով ընդունեց «Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» օրենքում կառավարության և Վրաստանի հազորդակցությունների ազգային հանձնաժողովի նախաձեռնած փոփոխությունները, որով ազգային հանձնաժողովին իրավունք է վերապահվում հատուկ կառավարիչներ նշանակել այն ընկերություններում, որոնք չեն կատարում իր պահանջները։

Այս փոփոխությունները Վրաստանում միանշանակ չեն ընդունվել և դժգոհություններ են առաջացրել ընդդիմության, նաև՝ արևմտյան դիտորդների շրջանում: Խնդիրը նրանում է, որ Վրաստանի խորհրդարանի որոշմանը նախորդել է տեղեկությունը «Caucasus Online» ինտերնետ-պրովայդերի մագիստրալային կապուղու բաժնետոմսերի 49%-ն ադրբեջանցի գործարարին վաճառելու մասին:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի ունեցած տեղեկություններով` բաժնետոմսերը վաճառվել են 61 մլն դոլարով։

168.am-ի հետ զրույցում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը մանրամասներ հայտնեց, որ ժամանակին՝ ռուս-վրացական պատերազմից հետո, վրացի գործարարներից մեկն առաջարկել է իշխանություններին սեփական գումարով մի նախագիծ իրականացնել, որով Եվրոպայից Սև ծովով Վրաստան կբերի-կհասցնի ինտերնետը, որպեսզի այն չլինի միջնորդավորված՝ հաշվի առնելով փաստը, որ ՌԴ-ն իրենց համար արդեն «օկուպանտ» էր, այսինքն՝ այդ երկրի տարածքով չլինի: Այն ժամանակ ներդրվել է 50 միլիոն դոլար, բայց Սահակաշվիլիի իշխանության ժամանակ, երբ բիզնեսներն իր մերձավորներին էին անցնում, առաջարկություն է արվել նշյալ գործարարին, որից նա չի կարողացել հրաժարվել, և արդեն զարգացած 100 միլիոն դոլարի գին ունեցող ընկերությունը վաճառել է 13 միլիոն դոլարով, և մինչ հիմա «Caucasus Online»-ի հիմնադիրը դատարաններում սպասում է, որ մի օր իր ընկերությունը կվերադարձվի իրեն:

«Ժամանակի ընթացքում ընկերությունն ավելի մեծացավ և դուրս եկավ օֆշոր, և արդեն օֆշոր գոտիներում եղած ժամանակ 2016-ից ընկերության բաժնետոմսերի նկատմամբ հետաքրքրություն է եղել և՛ ադրբեջանական կողմից, և՛ հայկական, անգամ ռուսներն են փորձել գնել «Վիլպելկոմը»: Ադրբեջանը վերջին տարիներին իր ծրագրերն ունի՝ դառնալ տարածաշրջանային խաբ, և նույնիսկ ինտերնետը դուրս բերել Կենտրոնական Ասիա: Մենք էլ «հյուսիս-հարավով» ինտերնետ-թրաֆիկ փորձում էինք մեր մոտից և արդեն մատակարարում էինք Մերձավոր Արևելք: Հիմա անցած տարվա վերջ ադրբեջանական կողմի հետ այդ գործարքը տեղի է ունեցել, պաշտոնական չի դեռ»,- նշեց վրացագետը՝ հիշեցնելով վերևում նշված և վերջերս «Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին և շարունակելով, որ դա հնարավորություն է տալիս անկախ ղեկավար ուղարկել այդ ընկերություն:

«Նա կարող է տնօրենների խորհուրդ ձևավորել, սակայն բաժնեմասերի վերաբաշխում չի կարող անել: Վրատանի խորհրդարանն այս օրենքը փոփոխեց, երևի մոտ ժամանակներս նոր մարդու կնշանակեն այնտեղ, քանի որ այս ընկերությունը Վրաստանում է գտնվում, իհարկե, սեփականատերերն օֆշորում են, բայց օֆշորից դժվար է ընկերության մեջ ինչ-որ քայլեր անել, ուստի 2 տարի իշխանության կողմից նշանակված անձն է այդ հարցերով զբաղվելու: Իմ կարծիքով, իշխանության կողմից վերահսկողությունը կպահպանվի, և ռիսկերը նվազագույնի կհասցվեն, քանի որ Վրաստանի տարածքում է: Ինչ վերաբերում է ՀՀ-ին ուղղված ռիսկերին, ինտերնետ չի փակվի մեզ համար, 49 տոկոսը վերահսկիչ փաթեթ չի: Մյուս կողմից, 49 տոկոս բաժնեմասի սեփականատերը կարող է ադրբեջանական ծրագրեր իրականացնել և ինտերնետը հասցնել Կենտրոնական Ասիա: Իմ կարծիքով, Վրաստանի հետ ակտիվ աշխատելով, անվտանգությունը մեր մասով կապահովենք: Պետք է ակտիվ աշխատել, որ «այ թի» ոլորտի՝ ինտերնետի հետ կապված, տարածաշրջանային մեր պրոյեկտներն առաջ քաշվեն, նաև պետք է ունենալ պլան Բ, որ եթե կարիք լինի՝ Վրաստանի հետ ինչ-որ կոնսորցիում ստեղծվի, դա կարող են անել Եսայանները, եթե կարողանան «Բիլայնը» գնել»: 

Տեսանյութեր

Լրահոս