Բաժիններ՝

«Ես վարչապետի սիրուն խոսքերին՝ մեր ապագա երկրի մասին, շատ կասկածով եմ նայում». Անահիտ Բախշյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որը հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում։

Նոր հայեցակարգի վերաբերյալ, սակայն, մասնագիտական համայնքներն ու հասարակական տարբեր շրջանակներ բարձրաձայնում են մի շարք մտահոգություններ: Մասնավորապես, հայագիտական առարկաները, ըստ բազամաթիվ մասնագետների, ոչ միայն անտեսված են, այլև հաճախ՝ միտումնավոր խեղաթյուրված։

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը 168.am-ի հետ զրույցում նկատեց՝ հանրային քննարկումը, որն ընթանում է, բացառիկ է. «Այս քննարկումն ասում է այն մասին, որ մեր հասարակությունը չափազանց զգայուն է կրթության ոլորտի ցանկացած փոփոխության, բարեփոխման նկատմամբ: Բարեփոխումը ոչ միշտ է ճիշտ իր բովանդակությամբ արտացոլվում, և մասնագետների կողմից հնչեցվող շատ լուրջ մտահոգություններ կան նաև»:

Անդրադառնալով հանրակրթության պետական չափորոշիչներին՝ կրթության փորձագետը նշեց, որ մշակվող փաստաթղթում կան բավականին նորարարություններ, բայց չեն երևում այն քայլերը, որոնք նպաստելու են դրանց իրականացմանը.

«Չափորոշիչներով ամրագրված կարողունակությունները ներդնելու համար նոր որակի, նոր մտածելակերպի տեր մանկավարժներ է ենթադրվում ունենալ, որի ուղղությամբ այսօր ոչ մի քայլ չի արվում, մասնավորապես՝ Մանկավարժական համալսարանի կողմից: Օրինակ՝ ինտեգրված առարկաներ են ներմուծվել. այդ ինտեգրված առարկաների մասնագետներն ովքե՞ր են լինելու:

Ինչպես նախկինում՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, որ 2004 թ. որպես պարտադիր առարկա մտավ, այդ առարկայի ուսուցիչներ Մանկավարժական համալսարանն այդպես էլ չպատրաստեց, և այն մնաց տարբեր մանկավարժների ժամերը լրացնելու հույսին: Այդ շատ կարևոր առարկան այսօր չափորոշչից հանելը ես շատ վտանգավոր եմ համարում և սխալ եմ համարում, բայց այդ առարկան հանելու հիմնավորումների մեջ նաև այն է, որ ով ասես՝ դասավանդել է այդ առարկան: Փոխանակ այդ խնդիրը լուծեն, առարկան հանեցին՝ այնպես, ինչպես՝ փոխանակ Կրթության ազգային ինստիտուտի կանոնադրական նպատակները փոխեին, և դա իսկապես, ինչպես խոստացել էին, դարձնեին ուղեղների կենտրոն, որպեսզի կրթության քաղաքականությունը մշակվեր մի տեղ, որտեղ մասնագետներ են, որտեղ պետական քաղաքականությունը հստակեցվում է… այդ կառույցը բարեփոխելու փոխարեն՝ լուծարվեց»:

Անահիտ Բախշյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ շրջանառության մեջ դրված հանրակրթության չափորոշիչների նախագիծն արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ:

Նկատենք՝ վարչապետն այսօր կառավարության նիստում մասնավորապես հայտնել էր. «Չափորոշիչների շուրջ բազմաթիվ քննարկումներ են եղել, ուստի ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ այն նախագիծը, որը դրված է շրջանառության, արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ, և այս ընթացքում, իհարկե, կլավարկվի այն առումով, որ կանցնի ընթացակարգերով, կարծիքների հավաքագրումով, և մենք այդ ռազմավարական մեր պատկերացումը պետք է արձանագրենք: Հաջորդ փուլում արդեն պայմանավորվեցինք, որ մենք ինձ մոտ քննարկումներ կունենանք առարկայական չափորոշիչների վերաբերյալ: Իհարկե, այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ եղել են, արդեն իսկ պատրաստ ենք առաջին փուլով մեր ռազմավարական պատկերացումներն ամբողջությամբ բաց լայնորեն կիսել հանրության հետ և ի ցույց դնել, որ այդ ռազմավարական պատկերացումները բխում են ՀՀ պետական, ազգային շահերից: Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է, և որևէ բան մեզ չի շեղելու ուժեղ պետություն և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված հայոց պետականության հավիտենության հայեցակարգը հենց այսօրվանից կյանքի կոչելու, և հանրակրթության չափորոշիչն այս իմաստով ունի կարևորագույն և առանցքային նշանակություն, սա՝ ի գիտություն»:

Անահիտ Բախշյանն այս առնչությամբ ասաց. «Այո՛, շատ կարևոր նշանակություն ունի, ես համաձայն կլինեի պարոն Փաշինյանի հետ, եթե նախապես այդ ռազմավարությունն ունենայինք, տեսած լինեինք, որտեղ ամրագրված կլիներ այն տեսլականը, որի արդյունքում վարչապետի ասած հզոր երկիրն ենք ունենալու: Բայց քանի չենք տեսել, չկա այդ ռազմավարությունը, և այս չափորոշիչները չգիտեմ՝ ինչի հիման վրա են գրվել, այդտեղից էլ բխում են չափորոշիչների շուրջ ծագած ամբողջ անհամաձայնությունները և զրույցները:

Ամենակարևորը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պահանջեր ԿԳՄՍ-ից, այդ ռազմավարության ընդունումն էր: Այդ ռազմավարությամբ գրված կլինեին այնպիսի վիճահարույց հարցերի մասին, ինչպիսին են պատմության դասագրքերում այսօր պատմության ծրագրերի չափորոշիչների հետ կապված գիտնականների և չափորոշիչները մշակող խմբի հակասությունները: Այդ հակասությունների պատասխանը պետք է լիներ ռազմավարությունը, որտեղ մենք կտեսնեինք, որ մեր պատմության դասագրքերում պետք է մի սերունդ աճեցնենք, որը պետք է համարի, թե թուրքն այն թուրքը չէ, թուրքը թշնամի չէ, այդ թշնամությունը, որն այսօր ավելի քան ցցուն է և փաստ է. այդ թշնամու կերպարը փորձելու են մեղմել և բերել մի գաղափար ներարկել մեր երեխաների մեջ, որ դու պիտի հանդուրժես, հարմարվես այդ վիճակին և երբեք չփորձես երկիրդ ազատագրելու տեսլական ունենալ, կամք ունենալ, ուժ ունենալ և անհրաժեշտության դեպքում՝ կյանքդ էլ տալ: Այ, եթե ռազմավարության մեջ գրված լիներ դա, մենք այդ ռազմավարության դեմ կխոսեինք: Բայց քանի դեռ չկա գրված, և այսօր պարզվում է այս ամեն ինչը, ջրի երես է դուրս գալիս, ես վարչապետի սիրուն խոսքերին՝ մեր ապագա երկրի մասին, շատ կասկածով եմ նայում»:

Դիտարկմանը, թե ռազմավարությունը ներկայացվել է, գուցե հանրության լայն զանգվածներին դեռևս հասու չէ, մեր զրուցակիցն արձագանքեց. «Նոր իշխանությունը հեղափոխությունից հետո եկած իշխանությունն այդպիսի փաստաթուղթ չի ընդունել: Պետական չափորոշիչների ընդունման պահը հասունացել է, որովհետև 2016 թվականից է այդ ուղղությամբ աշխատանք տարվում: 2016 թվականին Համաշխարհային Բանկի երրորդ բարեփոխման ծրագրով հսկայական գումար է դրա վրա ներդրվել. մի անգամ գրել են, հետո եկավ այս իշխանությունը և սկսեց նորից անել այդ գործը»:

Ըստ Անահիտ Բախշյանի՝ թեև ներկայացված նախագծում կան առաջադեմ, համարձակ ու հեղափոխական մտքեր, քայլեր, բայց անընդունելի է, որ առարկայական չափորոշիչները գրելու ժամանակ գիտնականները չեն մասնակցել, և դա մնացել է միայն մանկավարժների վրա.

«Այդ չափորոշիչները, առանց ակադեմիական գիտնականների մասնակցության, մի տեսակ դառնում են անվստահելի։ Այո՛, մանկավարժները պետք է մասնակցեին, բայց առանց ակադեմիզմի՝ կունենանք այնպիսի չափորոշիչներ, որտեղ ցանկացած գիտնական կարող է գտնել սխալներ, բացթողումներ, շեղումներ, որը պատիվ չի բերում: Վերջապես պետք է ապահովել կրթություն, որն ապագա ՀՀ քաղաքացի է պատրաստում:

Կարևորում եմ չափորոշիչներով ներդրվող այն նախաձեռնությունը, որ աշակերտի հմտությունների վրա է մեծ ուշադրություն դարձվում, աշակերտին տրվում է անհատական դասացուցակ ունենալու հնարավորություն, առարկա ընտրելու հնարավորություն, շատ լավ է, բայց նորից եմ ասում՝ որքանո՞վ է մեր այսօրվա դպրոցը պատրաստ այդ փոփոխություններն իրականացնելու, սա է խնդիրը»:

Հարցին, թե երրորդ անգամ են փոփոխվում չափորոշիչները, հիշո՞ւմ եք դեպք, որ հանրությունն այս ձևով արձագանքեր, կրթության փորձագետը պատասխանեց.

«Ոչ, չեմ հիշում: Առաջինը կոչվել է «Կրթակարգ», 2004 թվականին է ընդունվել, որը շատ լավ փաստաթուղթ էր այն ժամանակվա համար, 2010 թ. գրվել է արդեն «Հանրակրթության մասին» օրենքով պահանջվող Հանրակրթության պետական չափորոշիչը՝ առաջինը, և հիմա սա արդեն երրորդն է: Իսկապես չի եղել»:

Պատասխանելով դիտարկմանը, թե այսօր պնդում են, որ այդ հայեցակարգերը երբեք հանրությանը չեն ներկայացվել, դրա համար նախկինում այն այսչափ չի քննարկվել, և հարցին՝ արդյո՞ք մանկավարժներին և մասնագետներին հասանելի չի եղել, նա նշեց. «Հասանելի է եղել, բայց այս աստիճան բաց չի եղել քննարկում, իսկապես, մասնակցել են միայն ոլորտի նեղ մասնագետներ: Ինքս էլ եմ այդ ժամանակ մասնակցել, բայց դրանք չեն դրվել հանրային քննարկման»:

Նկատեցինք, թե այսօր էլ ակադեմիկոսներին չեն ներգրավել աշխատանքներում, թեև այս անգամ դրվել է հանրային քննարկման, Անահիտ Բախշյանն արձագանքեց. «Այո, դա շատ խոցելի է դարձնում այդ փաստաթուղթը, երբ ակադեմիական գիտությունը չի մասնակցում այս չափորոշիչների մշակմանը, ի վերջո, դասագրքերը, որ այդ չափորոշիչների հիման վրա գրվելու են, ովքե՞ր պիտի գրեն՝ պիտի գրեն գիտնականները»:

Փորձագետը նաև տեղեկացրեց՝ միջազգային բուհերում մասնագիտանում են դասագիրք գրելու մեջ, ինչը յուրահատուկ հմտություն է պահանջում, քանի որ մատուցվող նյութը պետք է կարողանալ հարմարեցնել երեխայի տարիքային հոգեբանությանը.

«Մեր երկրում չունենք այդ մասնագիտացումը: Այդ նյութը, գիտականությունն ապահովվում է գիտնականի կողմից, իսկ մատչելիությունը, հարմարվածությունը երեխաների տարիքին՝ մանկավարժը կարող է անել. դրա համար համատեղ պետք է լինի այդ գործը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս