«Հանրապետությունը» չի՞ բացառում Սերժ Սարգսյանին սատարելու հնարավորությունը

Հայ ազգային կոնգրեսից դուրս եկած «Հանրապետություն» կուսակցությունը դեռ չի որոշել` առաջիկա նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով կմասնակցի՞, թե՞ կսատարի առաջադրվածներից որևէ մեկին: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` այս մասին այսօր լրագրողներին հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կուսակցության անդամ, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը` չբացառելով, որ այդ թեկնածուն կարող է լինել նաև Սերժ Սարգսյանը:

«Եթե դիլեմայի առաջ կանգնած լինենք… երբ Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ արենա, իր ամբողջ տեսքով` առանց ականջների, այն ժամանակ դա մտածելու խնդիր կդառնա», – հայտարարել է Աբրահամյանը:Աբրահամյանի խոսքով` դեռևս պարզ չէ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը առաջիկա նախագահական ընտրություններում կառաջադրվի՞, թե` ոչ: Կուսակցությունում այժմ իրավիճակն են ուսումնասիրում, մարզային հանդիպումներ են անցկացնում, որոնք կշարունակվեն մինչև նոյեմբերի վերջ:

«Բոլոր պարագաներում ենք մենք ակտիվ լինելու, մի դեպքում դա կարող է սեփական թեկնածուով լինի, մյուս դեպքում կարող է մեկին սատարելու եղանակով»,- ասել է «Հանրապետության» ներկայացուցիչը:

Աբրահամյանը չի հավատում, որ Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող իրադարձությունները իրական են, ասել է` «հրաշալի ռեժիսորի հրաշալի աշխատանք է», որի արդյունքում Սերժ Սարգսյանը առանց ցնցումների կարող է երկրորդ անգամ նախագահ դառնալ: Ըստ Աբրահամյանի` հակամարտում են իշխանական երկու թևեր, որի ֆոնին ժողովուրդը մոռացել է ընդդիմության մասին:

Կարդացեք նաև

«Երբ արդեն Ռոբերտ Քոչարյանի հանգամանքն էլ ավելի առարկայական տեսք ընդունեց` հատկապես նրա քնքուշ և փխրուն հայտարարությունից հետո, այստեղ պարզ դարձավ, որ նույնիսկ մարդիկ, որոնք դժգոհ են իշխանություններից և որպես նախագահ` Սերժ Սարգսյանի թեկնածությունից…, համոզված եմ` երկրորդ փուլ է լինելու, որ ասեն` չարիքի փոքրագույնը սա է», – ասել է Ս. Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս