Բաժիններ՝

Մանրամասներ ԱՄՆ-ում սպանված հայ գործարար Արմեն Սահակյանի սպանությունից. ամերիկյան լրատվականների արձագանքը

Հայաստանյան կայքերին երեկ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի իր տանը, սպանվել էր վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, «Նոյյան Տապան» գրախանութի սեփականատեր, «Մարկո Պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը: Վերջինիս կինը ծանր վիրավորվել է և այս պահին գտնվում է հիվանդանոցում, բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը:

Լրատվամիջոցները նշել էին, որ լուրեր են շրջանառվում, թե Արմեն Սահակյանին սպանել են տեղի հայերից ոմանց պատվերով: Գործարարն ուներ 3 անչափահաս երեխա:

Թեմային անդրադարձել են նաև «Լոս Անջելես Թայմզը», «NBC Լոս Անջելեսը» և «CBS Լոս Անջելեսը» և ամերիկյան այլ լրատվականներ:

«Երեքշաբթի վաղ առավոտյան, մինչ երեք անչափահաս երեխաները տան ներսում էին, Բըրբանքում տեղի ունեցած կրակոցներից սպանվեց երկու տղամարդ և վիրավորվեց մեկ կին»,- տեղեկացրել էր «CBS Լոս Անջելես»-ը:

Լրատվամիջոցի պատրաստած տեսանյութում Արմեն Սահակյանի հարևանուհին նշում է, որ տեղի ունեցածը սարսափելի և անակնկալ է եղել:  Ոստիկանությունից էլ հայտնում են, որ դեպքից հետո երեխաներն անվտանգ տեղում են գտնվում:

«Դեպքի պահին երեք երեխաները գտնվել են տանը՝  առանց ֆիզիկական վնասվածքների»,- այս մասին էլ տեղեկացնում է «NBC Լոս Անջելեսը»:

Ըստ «Լոս Անջելես Թայմզի»՝ Բըրբանքի ոստիկանական բաժնում ահազանգը ստացվել է ժամը գիշերը 1:24-ի սահմաններում:

«Ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնաբերվել է տղամարդկանցից մեկի դին, իսկ տնից դուրս հայտնաբերվել է ատրճանակ: Տան ներսում սպաները գտել են մեկ այլ տղամարդու դի և կնոջ, ում նույնպես կրակել էին: Կինը տեղափոխվել է հիվանդանոց: Երեքշաբթի առավոտյան նա գտնվում էր ծանր վիճակում»,- հայտնում են ոստիկանները:

Ըստ հայաստանյան Freenews.am կայքի ներկայացրած մասնամասների՝

«Երեկ երեկոյան երկու վարձկան մեքսիկացիներ ներխուժել են Սահակյանների առանձնատուն, որտեղ վարձկաններից մեկը կրակել և սպանել է ընտանիքի հորը, Սահակյանի կինը՝ Դիաննան, արագ կողմնորոշվել է և ամուսնու ատրճանակով կրակել և սպանել է ամուսնուն սպանողին: Դժբախտաբար, երկրորդ վարձկանն իր ատրճանակով կրակել է կնոջ որովայնի հատվածին՝ այդպիսով ծանր վիրավորում հասցրել վերջինիս և փախել դեպքի վայրից: Ըստ մեր տեղեկությունների՝ երկրորդ վարձկանին մինչ այս պահը չի հաջողվել հայտնաբերել: Դժբախտ դեպքի մասին լուրի հրապարակումից մինչ այս պահը չեն դադարում շրջանառվել դեպքի պատճառների մասին տարատեսակ վարկածները, դրանցից մեկով՝ ոմանք պնդում են, թե Սահակյանն ԱՄՆ-ում ևս բիզնես գործունեություն էր ծավալել, և հարձակումը եղել է իր տեղի մրցակիցներից մեկի պատվերով: Մեկ այլ վարկածով՝ պատվերը եղել է Երևանից, իսկ պատվիրատուն տարիներ առաջ կռվի ժամանակ Սահակյանի կողմից սպանված տղայի կինն է, նպատակը՝ վրեժխնդրություն: Ասում են, թե կինն ամուսնու հուղարկավորության ժամանակ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ երդվել է, որ սպանել է տալու Սահակյանին, այդ է պատճառը, որ շատերը հավատում են այդ վարկածին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս