Դարբինյանը քծնո՞ւմ է Փաշինյանին

Ինչպես և կանխատեսելի էր, ռուսաստանյան RT («Ռաշա Թդեյ») լրատվականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը դարձավ հայկական հանրային լայն շրջանակների քննարկման և ամենակոշտ քննադատության առարկան։

Նշենք, որ Սիմոնյանը բավական սուր ու կոշտ դիտարկումներ էր ներկայացրել, որով բացահայտ քննադատում էր հայաստանյան իշխանությունների կողմից իրականացվող  հակառուսական քաղաքականությունը։

Հայ հանրության ամենատարբեր շերտերում նրա հասցեին հնչեցին ամենատարբեր վիրավորանքներն ու ազգովի գամեցին անարգանքի սյունին։ Ինչևէ, այս իրավիճակում հետաքրքիր էր քաղաքական գործիչների և տարբեր հանրային  գործիչների վերաբերմունքն ու ցուցաբերած դրսևորումները։

Ներկայացված քննադատությունների մեջ հանրային լայն արձագանք ստացավ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի կողմից արված գրառումը, որտեղ նա փորձել է հակադարձել Սիմոնյանին և իր վերաբերմունքը դրսևորել տեղի ունեցածի վերաբերյալ։ Սակայն մինչև բուն գրառման հետ կապված դիտարկումներին անդրադառնալը, շեշտենք մի կարևոր առանցք․ Դարբինյանն իր էքսցենտրիկ վարքագծով ու անկանխատեսելի պահվածքով բավականին ակտիվացավ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանազավթումից հետո, երբ Դարբինյանը, որ 2018-ի ապրիլի 17-ին ջերմորեն շնորհավորել էր Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ ընտրվելու առթիվ, արդեն մայիսին շնորհավորում էր Նիկոլ Փաշինյանին՝ «ՀՀ-ում նման ժողովրդավարական զարթոնք իրականացնելու» առթիվ։

Հիմա՝ հայտնի գրառման մասին։

Իր խոսքում Դարբինյանը նշում է, որ Սիմոնյանն իր դիտարկումներում «քամահրանքով է վերաբերվում ՀՀ իշխանություններին, քանի որ այդ իշխանությանն ընտրել է հայ ժողովուրդը»։ Համաձայնեք, սա հերթական ծեծված թեզն է, որով հայ հանրությանը երկու տարուց ավելի կերակրել են ՀՀ գործող իշխանությունները։

Մի կարևոր դիտարկում, որը նկատվում է Դարբինյանի խոսքում․ միանգամից նշմարվում է, որ նա այս քայլին գնացել է բացառապես մի նպատակով՝ սիրաշահել ու հերթական անգամ քծնել Փաշինյանին ու նրա ռեժիմին։ Ակնհայտ է, որ Դարբինյանը ցանկանում է իշխանական կերակրատաշտին հաճոյանալ՝ հերթական յուղոտ պատառը պոկելու նպատակով։

Սակայն ոչ միայն իշխանական քծնանքն է, որ դրդել է նախկին վարչապետին գնալ այդ քայլին։ Բանն այն է, որ ներկայիս իշխանության հիմնական կորիզը ներկայացնում են Դարբինյանի հիմնած և ներկայումս ղեկավարող բուհը՝ Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը (Տիգրան Ավինյան, Լիլիթ Մակունց, Սուրեն Գրիգորյան և այլք)։ Բացի դրանից, Դարբինյանն իր «դարբնոցում» ակնհայտ հակառուսական քաղաքականություն է վարում՝ ուսումնական գործընթացում ներառելով բացահայտ հակառուս կադրերի։ Դրան գումարած, ըստ օդում կախված լուրերի՝ 2018-ի իրադարձություններում լրջագույն դերակատարություն է ունեցել նաև դարբինյանական սթաֆը։

Սակայն այս ամենում կա մի նուրբ դրվագ, որն իր գրառման մեջ առանձնացրել է Դարբինյանը։ Խոսքը Մարգարիտա Սիմոնյանի՝ «Սուրբ Մովսես Խորենացի» մեդալ ստանալու դրվագի մասին է․ ի դեպ՝ այդ մեդալին արժանացել է նաև նույն Դարբինյանը։ Ահա հենց այս ֆոնին տեխնոկրատ Դարբինյանը նախ ափսոսանք է ապրում, որ այդ բարձր մեդալի արժանացած անձնավորությունը «հայ ժողովրդի նկատմամբ նման հռետորաբանություն է ցուցաբերում»։ Եվ այս դրվագում Դարբինյանի գրառման ամենակարևոր և «ֆունդամենտալ» դրվագն է գալիս առաջին պլան․ նա «հանկարծ» հիշում է Մարգարիտա Սիմոնյանին նման պարգևի արժանացրած ՀՀ նախկին իշխանությանը։ Հատկանշականն այն է, որ Դարբինյանի խոսքում ակնհայտ դրսևորվում է այն ատելությունը, որն ուղղված է ՀՀ նախկին իշխանություններին, և ի հայտ է գալիս բուն առիթը, թե ինչու է նման ոգևորվածությամբ նա մտել «մեյդան»։

Դարբինյանը մեղադրում է Սիմոնյանին նախկին իշխանություններին ինչ-որ անհասկանալի ծառայություններ մատուցելու մեջ, ինչի արդյունքում էլ վերջինս արժանացել է մեդալի, սակայն զավեշտալին այն է, որ Սիմոնյանը պարգևատրվել է 2009 թվականի սեպտեմբերի 17-ին, և անհասկանալի է, թե ընդամենը մեկ տարվա ընթացքում այդ ի՞նչ ծառայություններ է հասցրել մատուցել Սիմոնյանը Սերժ Սարգսյանին, ինչի արդյունքում նա պարգևատրվել է պետական պարգևով։ Այս իրավիճակի ողջ սարկազմը կայանում է նրանում, որ Սիմոնյանի պարգևատրումից ընդամենը մեկ օր հետո՝ սեպտեմբերի 18-ին, «Մովսես Խորենացի»   մեդալով պարգևատրվել է նաև ինքը՝ Դարբինյանը։ Միանգամից հարց է առաջանում, թե այդ մեկ տարվա ընթացքում Դարբինյանն ի՞նչ ծառայություն է մատուցել Սարգսյանին, որ արժանացել է այդ պարգևին։ Այնպիսի տպավորություն է, որ Դարբինյանն իրեն համարում է արժանի, իսկ մնացածներին՝ ոչ։

Այս ամենը համադրելով՝ պարզ է դառնում, որ իրեն լիբերալ գաղափարների հետևորդ համարող Դարբինյանն ընդամենը փորձում է ինքնահաստատվել և պարբերաբար հիշեցնել իր գոյության մասին։

Քաղաքականության մեջ ընդունված է՝ քաղաքական գործիչներին գնահատել իրենց կատարած քայլերով ու անցած ուղիով, իսկ Դարբինյանի նման կերպարները, ովքեր, բացի անբռնազբոս տեքստեր հրապարակելուց ու իր ղեկավարած կառավարությունով ոչ մի արդյունքի չհասնելուց, ոչ մի ձեռքբերում չունի և չի կարող լուրջ գործչի տպավորություն թողնել։ Ու մի կարևոր դիտարկում․ յուրաքանչյուր քաղաքական ու հրապարակային գործիչ չափվում ու գնահատվում է սեփական սկզբունքայնությամբ, իսկ նրանք, ովքեր դրսևորում են երեսպաշտություն ու քծնանք՝ ուղղակի ուղարկվում են քաղաքական պատմության աղբանոցը։

Արթուր Գալստյան

Տեսանյութեր

Լրահոս