«Կրակում են մեր զինվորների, բնակավայրերի վրա, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սպառնում է պատերազմով, այստեղ, տաք-տաք նստած համակարգիչների մոտ, որոշ մարդիկ դարդ են անում ադրբեջանցի զոհված զինվորի երեխայի համար»

Արդեն երկու օր է՝ ադրբեջանական կողմը հրետակոծում է Տավուշի մարզի հայկական դիրքերը։ Այսօր առավոտյան էլ հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել էր Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի և «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի հետ մեր հեռուստազրույցը տեսագրվել է այսօր ժամը 12:00-ին: Տեսագրությունից հետո ստացվեց ցավալի լուրը թշնամու արձակած կրակից մահացու վիրավորված երկու զինծառայողների մասին:

Ցավոք, այսօր  ժամը 14:40-ի կողմը հայտնի դարձավ, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին, ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել էր նաև հուլիսի 13-ին։ Ադրբեջանական կողմը հայտնել էր մարտական կորուստների մասին․ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվել էր թվով 4 զինծառայողի մահվան մասին տեղեկություն։

Այսօր ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ունի 11 զոհ:

«168 Ժամն» իր զորակցությունն է հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին:

Տեսանյութեր

Լրահոս