«Միքայել Մինասյանին մենք էլ ենք ուղարկել հայցադիմումի օրինակը. մեր ուղարկած  օրինակները հետ են եկել, քանի որ ինքը հասցեում չի եղել». փաստաբան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի և նրա եղբոր՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ ընդդեմ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ներկայացրած հայցադիմումը հունիսի 11-ին վարույթ է ընդունվել: Տեղեկությունը 168.am-ին փոխանցեց հայցվորների ներկայացուցիչ Լիլիթ Ենոքյանը՝ հավելելով, որ դատարանն այդ որոշումն ուղարկելու է պատասխանողին՝ տալով երկշաբաթյա ժամկետ՝ առարկությունները և դիրքորոշումները դատարանին ներկայացնելու համար:

Ի դեպ, նա նշեց, որ պատասխանող կողմին՝ Միքայել Մինասյանին իրենք ևս ուղարկել են հայցադիմումի օրինակը, որը, սակայն, վերադարձել է.

«Միքայել Մինասյանին մենք էլ ենք ուղարկել հայցադիմումի օրինակը, մեր ուղարկած օրինակները հետ են եկել, քանի որ ինքը հասցեում չի եղել: Եթե դատարանի ուղարկածն էլ ինքը չստանա, դատարանն օրենքով սահմանված կարգով մի անգամ էլ այդ հաշվառման վայրի համայնքի ղեկավարին, կամ վարչական շրջանի ղեկավարին է ծանուցելու, ապա հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքով է ծանուցում ուղարկվելու, որից հետո 15-րդ օրը պատասխանողը համարվելու է պատշաճ ծանուցված, ու դրանից հետո դատարանը, ըստ իր ծանրաբեռնվածության, նշանակելու է նախնական դատական նիստ»:

Փաստաբանն ակնկալում է օբյեկտիվ քննություն, քանի որ կարծում է՝ իրենց պահանջն առավել քան հիմնավոր է. «Զրպարտության գործերով, օրենքով, իրենց նշած փաստացի տվյալների ապացուցման պարտականությունը դրված է պատասխանող կողմի վրա, այսինքն՝ եթե իրենք իրենց հրապարակած տվյալները չկարողացան ապացուցել, հետևաբար՝ դատարանի կողմից պարտավորեցվելու է իրենց հրապարակային հերքել այդ զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև՝ հրապարակային ներողություն խնդրել՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի համար: Մենք ներկայացրել ենք  նաև օրենքով սահմանված առավելագույն դրամական  փոխահատուցման պահանջը»:

Ի դեպ, Լ. Ենոքյանը հայտնեց, որ պահանջը նույնն է նաև Սիփան Փաշինյանի հայցադիմումի պարագայում:

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը և նրա եղբայրը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի:

Հայցվորները պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և փոխհատուցել պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառած վնասը: Դատական հայցը մակագրվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին: Հայցը դատարանը ստացել էր հունիսի 1-ին:

Հայցվորների ներկայացուցիչ Լիլիթ Ենոքյանը 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ ներկայացված հայցի հիմքը Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութն է, որտեղ Մինասյանը, խոսելով «ծխախոտային սկանդալի» մասին, նշել էր նաև Աննա Հակոբյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի և Սիփան Փաշինյանի անունները:

Լիլիթ Ենոքյանը ներկայացնում է նաև Սիփան Փաշինյանի շահերը:

Տեսանյութեր

Լրահոս