Կանադայի դրամահատարանը հատուկ մետաղադրամ է թողարկել համավարակի դեմ պայքարող բժիշկների պատվին

Կանադայի դրամահատարանը հատուկ մետաղադրամ է թողարկել բժիշկների, կամավորների, մթերային խանութների աշխատակիցների եւ մյուս այն աշխատողների պատվին, որոնք կյանքի համար վտանգավոր պայմաններում դիմակայում են նոր կորոնավիրուսի համավարակին եւ այս դժվարին ժամանակ Կանադայի բնակչությանն ապահովում անհրաժեշտ ամեն ինչով: Այդ մասին տեղեկատվությունը զետեղված է գերատեսչության կայքում:

Նիկելապատ մետաղադրամի մի կողմում պատկերված է սիրտ, որը խաչաձեւված է Կանադայի խորհրդանշան թխկենու տերեւով: Մյուս կողմում պատկերված է գրկախառնված մարդկանց խումբ, որոնք կանգնած են մեծ սրտի կենտրոնում: Նրանց ներքեւի մասում գրված է «Շնորհակություն» բառը՝ անգլերեն եւ ֆրանսերեն, որոնք երկրի պաշտոնական լեզուներն են:

Բացի այդ, մետաղադրամին փակցված է մագնիս, այնպես որ այն կարելի է կրել, օրինակ, պիջակի դարձածալին: Այդ մետաղադրամի արժեքը կազմում է կանադական 9 դոլար եւ 95 ցենտ (շուրջ 7,5 դոլար): Այն կարելի է գնել միայն առցանց պատվերով: Վաճառքից ստացված ողջ փողերը կփոխանցվեն նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կանադական բարեգործական հիմնադրամին:

«Այս նախագծով Կանադայի դրամահատարանը ցանկանում է շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք համավարակի ժամանակ ամբողջ երկրով մեկ օգնում են կանադացիներին»,-ասվում է Դրամահատարանի ղեկավար Մարի Լեմեի հայտարարության մեջ: Կանադայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է հունվարի 15-ին, ներկայում վարակվել է ավելի քան 104 հազար մարդ, նրանցից գրեթե 8,6 հազարը մահացել են, 67,5 հազարն արդեն ապաքինվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

https://www.instagram.com/p/CCEK3rtD51w/?utm_source=ig_embed

Տեսանյութեր

Լրահոս