Կարող եք դատվել, պարոնայք

Երեկ Ազգային ժողովում սկսվեց նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին պատգամավորական մանդատից զրկելու` Գլխավոր դատախազի միջնորդության քննարկումը:

Ընդհանուր մթնոլորտն այնպիսին էր, որ իշխանությունը շեշտը դրել է հարցի բացառապես իրավական կողմի վրա, ԲՀԿ-ականներն ու նրանց սատարողները` բացառապես քաղաքական: Ինքը` Վարդան Օսկանյանն, ուղղակիորեն հայտարարեց, որ այս գործընթացը կապված է նախագահական ընտրությունների հետ և ուղղված է «Բարգավաճ Հայաստանի» դեմ: ԲՀԿ-ական պատգամավորները ջանք չխնայեցին իրենց կուսակցական ընկերոջը պաշտպանելու համար:

Սակայն ոմանց բոցաշունչ ելույթներն ավելի շատ «արհեստական արցունքներ» էին հիշեցնում: Իհարկե, դա ամենևին չի նշանակում, որ առանձին ԲՀԿ-ականներ չէին ցավում ու անկեղծ չէին իրենց ելույթներում: Խոսքը ԲՀԿ-ի` որպես կուսակցության, քաղաքական ուժի կեցվածքի մասին է, որը լայն իմաստով` երեկ «հանձնեց» Վարդան Օսկանյանին: Ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի` հնչող բոլոր ելույթներն այն մասին էին, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում քաղաքական դրդապատճառներով, և, որ այս ամենը քաղաքական հալածանք է:

Այդ առումով, սակայն, ավելի կարևոր էին ոչ այնքան Ազգային ժողովի ամբիոնից հնչած ելույթները, որքան ԱԺ նիստից առաջ խորհրդարանի շենքի առջև կազմակերպված բողոքի ակցիան` ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի: Այդ ակցիային մասնակցում էին հիմնականում նրա հիմնադրած «Սիվիլիթասի» և «ՍիվիլՆեթի» աշխատակիցներն ու քաղաքացիական ակտիվիստները, ընդհանուր առմամբ` մի քանի հարյուր մասնակիցներ:

Այն դեպքում, երբ Վարդան Օսկանյանի` մոտ 400 հազար անդամ ունեցող կուսակցությունը` ԲՀԿ-ն, ինչպես նրա անդամներն են սիրում կրկնել, անցած ընտրություններում ստացել է գրեթե 500 հազար ձայն, իսկ վերջին նախընտրական հանրահավաքում ԲՀԿ-ականների շարքերը Մատենադարանից հասնում էին մինչև Ամիրյան փողոց: ԲՀԿ-ն, փաստորեն, իր կուսակցի պաշտպանությանն ուղղված բողոքի ակցիային չէր ապահովել կուսակցականների կամ ընտրողների անգամ 0,1 տոկոսի ներկայությունը:

Մյուս կողմից, շարքային ԲՀԿ-ականներին կարելի է հասկանալ. նրանց առաջնորդը` Գագիկ Ծառուկյանը, «կարևոր գործերով» բացակայում էր Հայաստանից և չէր մասնակցում իր կուսակցության ամենակարկառուն անդամներից մեկի համար ճակատագրական նշանակություն ունեցող ԱԺ-ի նիստին` առնվազն գոյության իրավունք տալով այն տեսակետներին, որ իրականում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելով` իշխանությունն օգնում է նաև Գ. Ծառուկյանին` կուսակցությունը նախկին արտգործնախարարի, այդպիսով` նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունից ազատելու հարցում:

Այդպիսով, մինչև Վարդան Օսկանյանի անդամակցությունն ապաքաղաքական համարվող ԲՀԿ-ն կվերադառնա իր նախկին կաղապարի մեջ` ավելորդ դիսկոմֆորտից ազատելով նրա ղեկավարին ու ԲՀԿ-ականներից շատերին: Ի դեպ, ուշագրավ է, որ ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանն առայժմ որևէ հրապարակային դիրքորոշում չեն արտահայտել Վարդան Օսկանյանի նկատմամբ կիրառվող քաղաքական հետապնդման վերաբերյալ: Եվ եթե վերը նշված պատճառներով Գ. Ծառուկյանի քայլի դրդապատճառները որոշակի հիմնավորում կարող են ունենալ, ապա, մեղմ ասած, տարակուսելի է Ռ. Քոչարյանի լռությունն իր մերձավորագույն զինակցի նկատմամբ կատարվող գործընթացի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս