Այսօր ընդհատվեց Էդմոնի` որպես քաղաքական գործչի ճանապարհը. Արման Սաղաթելյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանն առ այն, որ չեն միանա «Բարգավաճ Հայաստան»-ին Սահմանադրական դատարան դիմելու հարցում:

«Ճանապարհն ու փորձությունը լավագույն հանգամանքներն են մարդու իրական պատկերն ընկալելու համար։ Այսօր ընդհատվեց Էդմոնի` որպես քաղաքական գործչի ճանապարհը»,- գրել է նա և հավելել, որ Սասուն Միքայելյանը շռայլ է գտնվել, իրականում նրան այդ ապտակն էլ չէր հասնում։

«Ցավում եմ բոլոր այն պարկեշտ ու շիտակ մարդկանց համար, ովքեր հայտնվել են նման «առաջնորդի» կողմից ղեկավարվող շարքերում։ Հազար ափսոս…»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ խորհրդարանը երկուշաբթի օրը ընդունեց «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագիծը երկու ընթերցմամբ:

Ավելի ուշ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց, որ պատգամավորները, օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններից և իրավական գործիքակազմից,նախաձեռնել են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ քննության առնելու «Առանց Սահմանադրական դատարանի՝ Սահմանադրության փոփոխությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ որոշման ՀՀ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխություններ ընդունելը և ՀՀ Սահմանադրության փոփոխությունները ՀՀ Սահմանադրության 4-րդ, 5-րդ, 6-րդ, 168-րդ և 169-րդ հոդվածների համապատասխանության հարցը» և նախաձեռնությանն աջակցելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն են ուղարկել արդեն հավաքագրված ստորագրությունները և դիմումի հիմքերը:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԼՀԿ-ն չի միանա ԲՀԿ-ին՝ ՍԴ դիմելու հարցով, և ՍԴ կդիմի հուլիսի 7-ին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո:

Տեսանյութեր

Լրահոս