«Այս հարցերի պատասխանը տվող միակ մարմինը Սահմանադրական դատարանն է». Տարոն Սիմոնյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ միջին իրավաբանական գիտելիքներ ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար պարզ էր, որ այն բոլոր գործողությունները, ինչ կատարվեց խորհրդարանում, կատարվեց Սահամանդրության խախտմամբ:

Ըստ պատգամավորի, խախտումները տեղի են ունեցել մի քանի ուղղությամբ:

«Առաջին խախտումն այն է, որ բազմիցս ասվել է, երբ Սահմանադրական փոփոխություններն ընդունվում են ԱԺ-ի կողմից մինչև երկրորդ ընթերցումը, նախագիծն անպայման պետք է ուղարկել Սահմանադրական դատարան՝ եզրակացության համար: Սա առաջին հերթին կարգավորովում է ՀՀ սահմանադրությամբ: Սա ակնառու խախտում էր, որն ամեն կերպ պետք է դառնա քննարկման առարկա:

ԱԺ կանոնկարագ օրենքի 86-րդ հոդվածը տալիս է ընթացակարգ, թե ինչպես պետք է տեղի ունենա ՍԴ դիմումը, այլ կերպ է մեկնաբանվել քաղաքական իշխանության կողմից, որի արդյունքում խախտվել է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասը: Մյուս խախտումն այն է, որ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքների փոփոխություններով ՀՀ նախագահին  զրկել են Սահմանադրական փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու հնարավորությունից»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տարոն Սիմոնյանը:

Նա նաև հավելեց, որ այս խախտումների հիման վրա Սահամանդրությունը հնարավորություն է տալիս պատգամավորների 1/5–րդին դիմելու ՍԴ:

Ինչ վերաբերում է ՍԴ դիմելու հիմքերին, պատգամավորն ասաց, որ այդ հիմքերից մեկն օրենքի, ԱԺ որոշումների, ենթաօրենսդրական ակտերի սահմանադրականության վիճարկումն է: Այդ հիմքով վիճարկվելու է ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան որոշումը, որով նախագահին զրկել են իր լիազորություններից:

Մյուս հիմքը, որը կրկին սահմանված է Սահմանադրությամբ, ՍԴ-ի մասին օրենքով լիազորությունների շուրջ առաջացած վեճն է:

«Այս հարցերի պատասխանը տվող միակ մարմինը Սահմանադրական դատարանն է, հետևաբար՝ այս պահանջների հիման վրա մենք պետք է առաջ գնանք: Հանրության կողմից բարձրացվում էր նաև մեկ այլ հարց, որ պետք է Սահմանադրության փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկել, մինչդեռ պետք է նշենք, որ Սահմանադրության 168-րդ հոդվածում նշված այդ դրույթը չի կարող պատգամավորի 1/5–րդով վիճարկել ՍԴ-ում: Հետևաբար՝ այս հարցերով չենք կարող դիմել ՍԴ, բայց կարող ենք դիմել այն հարցերով, որոնց մասին արդեն ասացի»,- շեշտեց նա:

Նա նաև ընդգծեց, որ եթե այս ամենն իշխանական գործընկերներն անտեսում են, ապա հիմքեր ունի կասկածելու, որ նրանք կամ գիտակցված խեղաթյուրում են սահմանադրական պահանջները կամ էլ ամբողջ հասարակությանն ազնիվ տգիտության քարոզ են անում՝ իրավաբանական գիտելիքներն իջեցնելով զրոյական մակարդակի:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին խորհրդարանը երկու ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, զրկելով ՀՀ նախագահին այն ստորագրելու լիազորությունից՝ այդ լիազորությունը վերապահելով ԱԺ նախագահին:

Տեսանյութեր

Լրահոս