Անակնկալ ստուգայցեր Ավան վարչական շրջանում․ ԲԸՏՄ
Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ հունիսի 23-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ անակնկալ ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում:
Զբոսաշրջային վայրերում, կանաչ գոտիներում դիտարկումների արդյունքում արձանագրվել են խախտումների էական նվազում՝ տոմսարկղերում անկանոն հերթեր և մարդկային կուտակումներ չեն նկատվել, կանաչ գոտիներում ժամանցը կազմակերպած այցելուները կրել են դիմակներ, մարզվող քաղաքացիները պահպանել են սոցիալական հեռավորություն։
Համավարակի տարածման ռիսկի նվազեցման նպատակով տեսչական մարմնի աշխատակիցներն այցելուներին հորդորել են հետևել ՀՀ պարետի որոշումներով սահմանված նորմերին, տրամադրել են մեկանգամյա օգտագործման դիմակներ և կոչ արել հաճախակի փոխել դրանք։
Վաղ առավոտից սկսած վերահսկողական գործառույթների իրականացումը կշարունակվի մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում: