«Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ՝ Նիկոլ Փաշինյանի» գործով դատական նիստը հետաձգվել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացրած քաղաքացիական հայցով առաջին դատական նիստը, որը նշանակված էր այսօր, հետաձգվել է: 168.am-ի հետ զրույցում հայտնեցին դատավոր Տիգրան Գրիգորյանի աշխատակազմից:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ  դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել:

«Մատնանշել եմ, որ քրեական գործով ժամը 1-ին հրավիրված եմ դատական նիստի և չեմ հասցնի այդ երկու գործերը միաժամանակ»,- ասել էր Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ ներկայացված հայցի հիմքում դրված են Նիկոլ Փաշինյանի երեք հայտարարությունը, որոնք նա արել էր Սահմանադրական փոփոխության հանրաքվեի քարոզարշավի ժամանակ: Հայտարարություններից մեկը, օրինակ, Նիկոլ Փաշինյանն արել էր մարտի 11-ին Տաթևի Շինուհայր բնակավայրում: Փաշինյանն ասել էր. «Ասում եմ անվանական, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Արամ Հարությունյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պտի բերեք»:

Ըստ Հայկ Ալումյանի՝ սրանից հետևում է, որ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է թալանի մեջ:

Հիշեցնենք, որ 2019 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ քաղաքացիական հայց էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ հրապարակային ներողություն խնդրելու պահանջով, գործը դատարան հասնելուց հետո Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն ասել էր, թե  Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը «միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին», ինչն էլ հիմք էր դարձել, որ հայցվոր կողմը հրաժարվեր հայցադիմումից:

Հայկ Ալումյանից ավելի վաղ հետաքրքրվել էինք, թե հնարավո՞ր է՝ այս անգամ ևս հրաժարվեն իրենց հայցադիմումից:

«Եթե այս անգամ էլ պարոն վարչապետն իր խոսքերից հրաժարվի, այս անգամ էլ հնարավոր է, որ հետ վերցնենք: Իհարկե, պարոն Քոչարյանը վերջնական դիրքորոշում այդ դեպքում կարտահայտի»,- ասել էր Հայկ Ալումյանը՝ միևնույն ժամանակ՝ չբացառելով այս անգամ հայցից չհրաժարվելը:

«Գուցե այն, որ մենք նախորդ անգամ հայցից հրաժարվեցինք, դա էր պատճառը, որ պարոն Փաշինյանը հիմա շարունակում է նույն ոճով անհավասարակշռված հայտարարություններ անել պարոն Քոչարյանի հասցեին: Հնարավոր է, որ այս անգամ, անկախ նրանից՝ պարոն Փաշինյանն իր խոսքերից կհրաժարվի՞, թե՞ չի հրաժարվի, հնարավոր է, որ այս անգամ մենք մինչև վերջ գնանք, որպեսզի հաջորդ անգամ էլ այս խնդրի առաջ չկանգնենք:

Չգիտեմ, միգուցե կգան-կասեն՝ ուրիշ Ռոբերտ Քոչարյան անուն-ազգանունով մարդ ենք նկատի ունեցել, ես չգիտեմ: Հնարավոր չի կանխատեսել: Բայց, եթե նույնիսկ այս անգամ գան ու հրաժարվեն այս բառերից, այն անգամ ես ինքս եմ պարոն Քոչարյանին խորհուրդ տվել հայցից հրաժարվել, ասել եմ, որ եկան, փաստորեն, ասացին, որ Ձեզ նկատի չեն ունեցել, փաստացի դա հերքում է, և պարոն Քոչարյանը, վստահելով իմ կարծիքին, ասաց՝ եթե այդպես եք համարում, հայցից հրաժարվենք, բայց այս անգամ ես, օրինակ, պարոն Քոչարյանին խորհուրդ չեմ տա հայցից հրաժարվել, նույնիսկ, երբ որ վարչապետի ներկայացուցիչը գա ու ասի, որ այստեղ Հանրապետության Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նկատի չի ունեցել»,- ասել էր Հայկ Ալումյանը:

Տեսանյութեր

Լրահոս