«Ներկայացուցիչը հայտարարարեց, որ վեճի առարկա հանդիսացող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում, մենք էլ մեր վեճը համարեցինք սպառված». Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը 17.09.2018թ. հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին։

Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը.

«Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում՝ անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկել էր ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցի քննությունը՝ դատավոր Լարիսա Սարգսյանի նախագահությամբ։

Դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հետևյալ հայտարարությունն արեց.

«Եթե մեր դատավարական հակառակորդը կհայտարարի աներկբա, որ էս հայտարարությունը անելիս պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից, դրանից ելնելով՝ նման դեպքում ես կխնդրեի՝ նիստը նշանակել հնարավորինս մոտ ժամկետում, որ էդ ձևակերպումները ես կարողանամ ներկայացնել»:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանն իր վստահորդի անունից լիազորված լինելով՝ աներկբա ասաց․ «Այդ արտահայտությունը, որն արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, վերաբերել է Սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը և միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին»:

168.amՀայկ Ալումյանին խնդրեց մեկնաբանել իր հայտարարությունը։

«Մյուս կողմը պատասխանի մեջ նշել էր, որ վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որը վեճի պատճառ էր հանդիսացել, չեզոք բնույթ էր կրում, կոնկրետ որևէ անձի չէր վերաբերում, այլ ուղղակի Սահմանադրության մեկնաբանություն էր իր մեջ պարունակում։ Նիստի ժամանակ մենք հայտարարեցինք, որ, եթե պարոն Փաշինյանի անունից աներկբա կհայտարարվի, որ այդ արտահայտությունը ոչ մի կերպ պարոն Քոչարյանին չի վերաբերել, ապա մենք այդ դեպքում հայցից կհրաժարվենք։

Պարոն Փաշինյանի ներկայացուցիչն այդպիսի հայտարարություն արեց, որ վեճի առարկա հանդիսացող հայտարարությունը պարոն Քոչարյանին չի վերաբերում, մենք էլ մեր վեճը համարեցինք սպառված»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ նրանց ժամանակ է տրվել մինչև վաղը,  որպեսզի իրենք այդ հայցից հրաժարվեն։

Հիշեցնենք, որ դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 13-ին՝ ժամը 14:00-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս