Այս անգամ ես պարոն Քոչարյանին խորհուրդ չեմ տա հայցից հրաժարվել. Հայկ Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ քաղաքացիական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: 168.am-ի հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ հայցի հիմքում դրված են Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրական փոփոխության հանրաքվեի ժամանակ արված երեք հայտարարություն:
Փաստաբանը ներկայացրեց հայտարարություններից մեկը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել էր մարտի 11-ին Տաթևի Շինուհայր բնակավայրում:Փաշինյանն ասել էր. «Ասում եմ անվանական, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Խաչատրյան,Արամ Հարությունյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, Ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պտի բերեք»:
«Այստեղից հետևում է, որ ինքը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է թալանի մեջ, երկու ուրիշ դրվագում էլ էլի նմանատիպ մեղադրանքներ են»,- ասաց Հայ Ալումյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ քաղաքացիական հայց էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ հրապարակային ներողություն խնդրելու պահանջով, գործը դատարան հասնելուց հետո Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն ասել էր, թե Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը «միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին», ինչն էլ հիմք էր դարձել, որ հայցվոր կողմը հրաժարվի հայցադիմումից:
Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք, թե հնարավոր է՝ այս անգամ ևս հրաժարվեն իրենց հայցադիմումից:
«Եթե այս անգամ էլ պարոն վարչապետն իր խոսքերից հրաժարվի, այս անգամ էլ հնարավոր է, որ հետ վերցնենք: Իհարկե, պարոն Քոչարյանը վերջնական դիրքորոշում այդ դեպքում կարտահայտի»,- ասաց Հայկ Ալումյանը:
Փաստաբանը հիշեցրեց նախորդ հայցադիմումի հիմք հանդիսացած հայտարարությունն ու դրան հաջորդած դեպքերը:
Ըստ Ալումյանի՝ անցյալ անգամ վարչապետին «շատ զայրացրել էր այն հանգամանքը, որ 2018 թվականի օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը պարոն Քոչարյանին ազատ էր արձակել՝ անձեռնմխելիության հիմքով»: Դրանից մոտ մեկ ամիս անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հարցուպատասխանի ժամանակ, դատարանի որոշման և ընդհանրապես անձեռնմխելիության ինստիտուտի վերաբերյալ հայտարարություն արեց. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում՝ անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Սա որտե՞ղ է այդպես»:
Ըստ փաստաբանի՝ ներկայացված հայտարարությունից պարզ երևում է, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, ուստի հայտարարությունը որպես զրպարտություն և անմեղության կանխավարկածի խախտում դիտարկելով էլ՝ ներկայացվել էր հայցադիմում, որն էլ դատարանում, կարելի է ասել, հերքվել էր:
«Վարչապետն իր ներկայացուցչի միջոցով հայտարարեց, որ այս արտահայտությունը պարոն Քոչարյանին չի վերաբերում: Պատկերացնում եք, չէ՞: Ուրեմն իրենք դատարանում, մի քանի տասնյակ լրատվամիջոցի ներկայությամբ հայտարարել են, պարոն Փաշինյանը դատարանում հայտարարել է, որ այդ հայտարարությունն անելով՝ ինքը պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել:
Հիմա, եթե այս անգամ էլ վարչապետը կգա դատարան, կամ իր ներկայացուցչի միջոցով կասի, որ այդ հերթական ասածներն էլ պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել, այդ ժամանակ մենք մի անգամ ևս կքննարկենք այս անգամ նույնպես հայցից հրաժարվելու հնարավորությունը»,- նշեց Ալումյանը:
Միևնույն ժամանակ՝ փաստաբանը չբացառեց, որ այս անգամ հայցից չհրաժարվեն։
«Գուցե այն, որ մենք նախորդ անգամ հայցից հրաժարվեցինք, դա էր պատճառը, որ պարոն Փաշինյանը հիմա շարունակում է նույն ոճով անհավասարակշռված հայտարարություններ անել պարոն Քոչարյանի հասցեին: Հնարավոր է, որ այս անգամ, անկախ նրանից՝ պարոն Փաշինյանն իր խոսքերից կհրաժարվի՞, թե՞ չի հրաժարվի, հնարավոր է, որ այս անգամ մենք մինչև վերջ գնանք, որպեսզի հաջորդ անգամ էլ այս խնդրի առաջ չկանգնենք:
Չգիտեմ, միգուցե կգան-կասեն՝ ուրիշ Ռոբերտ Քոչարյան անուն-ազգանունով մարդ ենք նկատի ունեցել, ես չգիտեմ: Հնարավոր չի կանխատեսել: Բայց, եթե նույնիսկ այս անգամ գան ու հրաժարվեն այս բառերից, այն անգամ ես ինքս եմ պարոն Քոչարյանին խորհուրդ տվել հայցից հրաժարվել, ասել եմ, որ եկան, փաստորեն ասացին, որ Ձեզ նկատի չեն ունեցել, փաստացի դա հերքում է, և պարոն Քոչարյանը, վստահելով իմ կարծիքին, ասաց՝ եթե այդպես եք համարում, հայցից հրաժարվենք, բայց այս անգամ ես, օրինակ, պարոն Քոչարյանին խորհուրդ չեմ տա հայցից հրաժարվել, նույնիսկ, երբ որ վարչապետի ներկայացուցիչը գա ու ասի, որ այստեղ հանրապետության Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նկատի չի ունեցել»:
Հիշեցնենք, որ հայցը մակագրված է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին: Դատական նիստի օր դեռևս նշանակված չէ: