«Նշանակված բոլոր դատավորների իրավական կյանքը լինելու է այնքան, որքան վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կյանքն է». Քաղտեխնոլոգ

ԱԺ արտահերթ նիստում  առաջին ընթերցմամբ ընդունվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով, հիշեցնենք, առաջարկվում է արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին ազատել զբաղեցրած պաշտոններից: Նույն նախագծով՝ ԱԺ պատգամավորների քվեարկությամբ ազատվում է նաև ՍԴ նախագահը:

Նշենք, որ 168.am-ն արդեն գրել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն իսկ համաձայնության է եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ըստ այդ համաձայնության՝ Արմեն Սարգսյանը չի վիճարկելու նշված պրոցեսի սահմանադրականությունը, բայց նաև չի ստորագրելու համապատասխան նախագիծը։ Դրանից հետո համապատասխան փոփոխությունը ստորագրելու է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի համոզմամբ՝ 2018 թ. ապրիլ-մայիսից հետո Հայաստանում ձևավորվել է անձնիշխան համակարգ, որը չի հանդուրժում իրեն չենթարկվող այլընտրանքային ինչ-որ ինստիտուտի գոյությունը, և ամեն ինչ անում են, որպեսզի այդ ինստիտուտները մտնեն անձնիշխան համակարգի բուրգի մեջ:

«ՍԴ-ն, գաղտնիք չէ, որ չէր ենթարկվում վարչապետի ցանկություններին, և, բնականաբար, այդ կառույցը պետք է վերացվեր: Հիմա ընդամենն ականատեսն ենք լինում այդ քաղաքական գործընթացին, այսինքն՝ ՍԴ-ն՝ որպես ինքնուրույն մարմին, վերացվում է և մտնելով անձնիշխան համակարգի մեջ, բնականաբար, դառնալու է վարչապետին ենթակա կառույց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգը:

Նրա համոզմամբ՝ իշխանությունները մինչև վերջ կգնան, եթե չհանդիպեն դրսից հակադրություն. «Այո, իրենք կազատեն որոշ դատավորների, կդնեն իրենց թիմակիցներին, հետո կփոխեն ՍԴ նախագահին: Եթե անգամ դա հաջողվի անել,  և ինչ-ինչ օրենքներ թույլ չտան նաև՝ Հրայր Թովմասյանը կարողանա դրան դիմադրել, դառնա շարքային դատավոր, ապա նշանակված բոլոր դատավորների իրավական կյանքը լինելու է զուտ այնքան, որքան վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կյանքն է:

Այն պահից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի, և ՀՀ-ում կձևավորվի նոր իշխանություն, որը կլինի ընդդիմադիր այս իշխանությանը, նրանք առաջին  հերթին նորից նշելու են Սահմանադրական դատարանի հարցը. հանելու են վարչապետի կողմից նշանակված դատավորներին և նշանակելու են իրենց դատավորներին: Մենք մտնում ենք այս ցիկլի մեջ»:

Արմեն Բադալյանն այս գործընթացում կարևորեց հատկապես խորհրդարանական ընդդիմադիր ուժերի դերը. «Շատ կարևոր է, թե իրենց ինչպես են պահելու «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Այսինքն՝ նրանք միասին դիմելու են ՍԴ՝ այս օրենքների Սահմանադրականությունը վիճարկելո՞ւ, թե՞ ոչ, և դրանից կախված՝ շատ հարցերի պատասխաններ կստանանք»:

Հիշեցնենք՝ ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագծի առաջին ընթերցմամբ ընդունելու քվեարկությանը։

Նշենք՝  խորհրդարանական ընդդիմությունն ունի լիազորություն պատգամավորների թվի մեկ հինգերորդով դիմել Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար։

Տեսանյութեր

Լրահոս