Հայտնի է, թե ում կրակոցներից են սպանվել ապրիլին Գավառում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները
Գավառում ապրիլին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը մահացել են Արմեն Հայթյանի կրակոցների հետևանքով:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Միքայելյանը:
«Տեսանյութում երևում է, որ Զոհրապ Պարոնիկյանի մեքենայի կանգնելուց հետո, ավտոմեքենայի աջ հատվածին մոտենում է Վահե Ավետիսյանը, կանգնում է նաև Արմեն Հայթյանի մեքենան և կրակահերթ է սկսվում: Արդյունքում, առաջինը սպանվում է Զոհրաբ Պարոնիկյանը, ինչից հետո Վահե Ավետիսյանը: Քրեական գործով հիմնավորվել է, որ նրանք մահացել են Արմեն Հայթյանի կրակոցների հետևանքով: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը»,- նշեց Միքայելյանը:
Միքայելյանի խոսքով՝ դատաբժշկական փորձաքննությամբ էլ պարզվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը ստացել են հրազենային վնասվածքներ, ինչի հետևանքով էլ վրա է հասել մահը: