«Արձանագրվեց, որ կա դատավոր, որը ապացուցեց՝ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա». Սիսակ Գաբրիելյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ իրենց խմբակցությունը որևէ դիրքորոշում չունի երեկ հրապարակված դատարանի որոշման առնչությամբ, ըստ որի՝ մերժվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու Դատախազության միջնորդությունը:
«Չեմ ուզում մեկնաբանել, քանի որ Դատախազությունն այս որոշումը բողոքարկելու է, և գործը դեռ քննվելու է Վերաքննիչ դատարանում, հետևաբար՝ այս պահին արտահայտած լրացուցիչ կարծիքը գուցե այնպես ընկալվի, որ իշխող քաղաքական ուժը փորձում է ինչ-որ ազդեցություն ունենալ դատական գործընթացների վրա»,- ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց պատգամավորը:
Անդրադառնալով կարծիքներին, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված գործընթացը քաղաքական հետապնդում է, Սիսակ Գաբրիելյանը նկատեց՝ չի տեսել այնպիսի քաղաքական հետապնդում, երբ հետապնդվողը լինի ազատության մեջ:
«Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, փաստորեն, դատարանը դրանով արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա»,- նշեց Ս. Գաբրիելյանը:
Խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Սուրեն Գրիգորյանի խոսքով էլ՝ այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման թույլտվություն է տրվել ԱԺ-ի կողմից, չի նշանակում, որ քրեական հետապնդում չի իրականացվում, և պետք չէ միախառնել այն հարցերը, որոնք քննարկվել են դատարանի և խորհրդարանի կողմից:
«ԱԺ-ում քննարկվել է մի հարց, դատարանում քննարկվել է մեկ այլ հարց, այսինքն՝ ԱԺ-ն երբևիցե չի հավակնել, որ ինքն է վերջնական որոշում կայացնողը՝ արդյո՞ք կոնկրետ պատգամավորը պետք է ազատությունից զրկվի, թե՞ չպետք է զրկվի»,- ասաց Սուրեն Գրիգորյանը՝ միանալով գործընկերոջ արտահայտած տեսակետին, որը վերաբերում էր դատարանի կայացրած որոշման մասին դիրքորոշում հայտնելուն:
«Կարծում եմ՝ իշխանական պատգամավորների կողմից ընթացիկ քրեական գործերի մեկնաբանությունը կարող է դրան այլ երանգ տալ, հետևաբար՝ զերծ կմնանք մեկնաբանություն տալուց»,- նշեց Սուրեն Գրիգորյանը:
Նա վստահեցրեց, որ բազմիցս հայտարարել են, որ նախորդ տարի իշխանության կողմից դատարանների շրջափակումը չի եղել իրենց կողմից կոնկրետ քրեական գործով կայացրած որոշման արդյունքում:
«Մենք արձանագրել ենք, որ ՀՀ քաղաքացին դատական իշխանության նկատմամբ ունի անվստահություն, որը և արտահայտվել է այդ գործընթացով»,- հավելեց նա:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախագծին և հարցին՝ արդյո՞ք Վենետիկի հանձնաժողովի կողմից ստացել են խորհրդատվական կարծիք, որ գործընթաց են սկսել, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը մինչև այն պահը, երբ անցկացվում էր ճեպազրույցը, դեռևս պաշտոնական կայքում չի հրապարակվել, հետևաբար՝ իր համար տարակուսելի է, թե ինչպես է, որ այդ կարծիքից տարբեր հատվածներ են հայտնվում մարդկանց մոտ, որոնք այս գործընթացում որևէ կարգավիճակ չունեն:
«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Վենետիկի հանձնաժողովը, մինչև վերջնական կարծիք հրապարակելը, որոշակի գործընթաց է վարում կողմերի հետ, նախնական քննարկումներ, կարող է նաև ինչ-որ փաստաթղթեր շրջանառել: Երբ կհրապարակվի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, մենք պատրաստ կլինենք առանձին հատվածներով տալ մեր մեկնաբանությունը: Ասեմ միայն, որ Վենետիկի հանձնաժողովը մեզ շատ է օգնել թեկուզ այն նախագծի մշակման հարցում, որի համար շնորհակալ ենք բոլոր կարծիքների համար»,- ընդգեց Սուրեն Գրիգորյանը: