Ուշագրավ տեղափոխումներ. ՊԲ կադրերին բերում են ՀՀ ՊՆ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արցախի պաշտպանության բանակից պաշտոնատար անձանց տեղափոխում են ՀՀ պաշտպանության նախարարություն եւ բարձր պաշտոնների նշանակում: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունիսի 24-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի` գեներալ-մայոր Միքայել Համբարձումյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:
Եվ ահա, 1 տարի անց որոշում է կայացվել Միքայել Համբարձումյանին բերել ՀՀ պաշտպանության նախարարություն եւ նշանակել ՀՀ ՊՆ վարչության պետ, իսկ թե կոնկրետ որ վարչության, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:
Ի դեպ, այս փոփոխությունները սկսվեցին այն պահին, երբ հունիսի 16-ից 17-ը աշխատանքային այցով Արցախի հանրապետություն եւ ՊԲ էր այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը:
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ Օնիկ Գասպարյանը նախ հյուրընկալվել են հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ապա մասնակցել ՊԲ-ի սննդի մատակարարման թեմայով անցկացված աշխատանքային խորհրդակցությանը:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու, եւ առաջիկայում Արցախի պաշտպանության բանակից այլ տեղափոխություններ եւս կլինեն ՀՀ ՊՆ. Միքայել Համբարձումյանն առաջին նշանակումն էր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: