«100%-ով պետք է «Հայանտառ»-ի ամբողջ անձնակազմը փոխվի». Տավուշի մարզպետ
Առնվազն 99%-ով կրճատվել են անտառհատման դեպքերը Տավուշի մարզում: Այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ նշելով, որ դա և՛ պետական կառույցների, և՛ հանրային հսկողության արդյունք է: Ըստ մարզպետի՝ դրան նպաստում է նաև անտառային գոտիներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացումը:
«Հատկապես ուժային կառույցների և հատկապես ոստիկանության ուժերով մենք կարող ենք արձանագրել միանշանակ, որ անտառհատումները մասսայական Տավուշի մարզում այլևս վերացած են և գոյություն ունեցող ոչ օրինական դեպքերը, որոնք տեղի են ունենում անտառում, հիմնականում հայտնաբերվում են և համապատասխան ընթացք են ստանում: Ըստ էության, մենք խոսում ենք նրա մասին, որ վերջին շրջանում մեծացել է հանրային հսկողությունը»,- ասաց Հայկ Չոբանյանը:
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Տավուշի մարզպետը գոհ է «Հայանտառ»-ի կադրային քաղաքականությունից, որովհետև տեղեկություններ կան, որ նախկին իշխանությունների ժամանակ նրանց հետ համագործակցած անտառապահներն այժմ էլ նշանակվում են ոչ պակաս կարևոր պաշտոնների, Չոբանյանը պատասխանեց.
«Ես գտնում եմ, որ «Հայանտառ»-ի և «Հայանտառ»-ի մասնաճյուղերի կադրային քաղաքականության մեջ պետք է արմատական փոփոխություն լինի և 100%-ով պետք է ամբողջ անձնակազմը փոխվի, որովհետև, այո, ճիշտ եք, նախորդ շրջանում փոխկապակցված են եղել «Հայանտառ»-ի աշխատակիցները և՛ կրիմինալ կառույցների հետ, և՛ այն ուժային կառույցների հետ, որոնք հովանավորել են անտառհատումը, այդ պատճառով այդտեղ փոփոխությունները պետք է արմատական լինեն:
Դրա համար պետք է համապատասխան օրենսդրական հիմքեր ստեղծվեն, որովհետև, բնականաբար, այդ մարդիկ աշխատում են իրենց աշխատանքային պայմանագրի հիման վրա, և այս աշխատանքային փոխհարաբերությունները, այսինքն՝ աշխատանքային օրենսդրությունը թույլ չի տալիս, որպեսզի ուղղակիորեն այդ մարդկանց ազատեն աշխատանքից: Բայց ես այն կարծիքին եմ, որ դրա կարիքը կա: Եվ որպես պոտենցիալ այն մարդկանց, ովքեր կարող են զբաղեցնել իրենց տեղը, կարող են լինել, օրինակ, ուժային կառույցներից զորացրված կամ թոշակի անցած նախկին սպաները»,- ասաց Հայկ Չոբանյանը:
Ըստ Տավուշի մարզպետի՝ այսօր ոստիկանությունը մասնակցում է անտառպահպանման գործընթացներին, որովհետև «Հայանտառ»-ը դեռևս իր ուժերով չի կարողանում դա իրականացնել: Չոբանյանի խոսքով՝ օր առաջ այդ գործառույթները պետք է հանվեն ոստիկանության գործառույթների շրջանակից: