«Դատարանի որոշման մեջ, կներեք, անիմաստ մտքեր են գրված». Արթուր Գևորգյանի փաստաբանը Վճռաբեկ բողոք կներկայացնի

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի նկատմամբ  կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը։ Գևորգյանի շահերի պաշտպան  Հրայր Անանյանի գնահատմամբ՝ իր ներկայացրած բողոքի մերժումը հակասում է օրենքին:

«Դատարանի որոշման մեջ, կներեք, անիմաստ մտքեր են գրված: Դատարանն անտեսել է ծանուցման հետ կապված հարցը՝ ասելով, որ, եթե մարդը Հայաստանում չէ, կարելի է ծանուցագիր չուղարկել կամ ընտանիքի անդամին չհանձնել: Որոշման մեջ ինչ-որ սխալ և օրենքին ուղղակիորեն հակասող բաներ է գրել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Անանյանը:

Ըստ փաստաբանի՝ դատարանը, ի պատասխան պաշտպանական բարձրացրած  հարցի, թե վարույթն իրականացնող մարմինն Արթուր Գևորգյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել, ապա ներկայացրել է կալանավորման միջնորդություն՝ առանց նախապես պատշաճ ծանուցելու, հայտնել է, որ առարկայազուրկ էր ծանուցագիր ուղարկելը Գևորգյանի հայաստանյան հասցեով, քանի որ փաստաթղթերով հայտնի էր, որ մեղադրյալը  ՀՀ-ում չի գտնվում:

«Բայց Քրեական դատավարության օրենսգիրքն ասում է, որ, եթե անձը տանը չի, պիտի ծանուցումը հանձնես ընտանիքի անդամին: Ողջ տրամաբանությունն այն է, որ ընտանիքի անդամը, բնականաբար, կապ է պահում իր հարազատի հետ, և, բնականաբար, այսպես ասած, ինֆորմացիան տեղ է հասնում, և անձն աշխարհի որ կետում էլ լինի՝ կարողանում է կապի դուրս գալ քննիչի հետ, եթե կապի միջոց կա նշած:

Եթե օրենքն ասում է, որ, եթե մարդը տանը չի, ծանուցումը հանձնվում է ընտանիքի չափահաս անդամին, դա իմպերատիվ նորմ է: Այսինքն, չի ասում՝ «կարող է հանձնվել ընտանիքի անդամին»: Օրենքի մեջ «հանձնվում է» և «կարող է հանձնվել» բառակապակցությունների մեջ շատ մեծ տարբերություն կա: Մեկը, այսպես ասած, հայեցողականություն ցուցաբերելու հնարավորություն է ընձեռում, մյուսն ասում է՝ «պաշտոնատար անձ, դու գործիր ուղիղ այդպես, դու որևէ հայեցողականություն ցուցաբերելու իրավունք չունես»: Եթե վերաքննիչ դատարանն ասում է՝ առարկայազուրկ էր ծանուցումն ընտանիքի անդամին հանձնելը, էլ ի՞նչ ասեմ»,- ասաց փաստաբանը:

Հրանտ Անանյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած՝ խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությունը՝ ուղղակի մերժելու համար:

Մեր զրուցակցի ստացած տպավորությամբ՝ այս գործով քննչական մարմինները շարժվում են «ոնց էլ չլինի, կյանքում մի վատ բան արած կլինի» մոտեցմամբ:

«Այ, մոտավորապես նման հոգեբանությամբ են մարդիկ այս գործով աշխատում, ինչը շատ վատ է, ինչն իրավական պետության հետ ընդհանրապես կապ չունի: Ամբոխային մոտեցում է, հանցավոր ինքնավստահության իրավիճակներ են»,- նշեց Անանյանը:

«Ես ուզում եմ՝ գա ժամանակը, երբ իրենց հանդեպ այդպես վարվեն: Կգա այդ ժամանակը, որ անարդարության ակնհայտությունն իրենք էլ հասկանան, հասկանան, թե ինչպես չի կարելի վարվել մարդկանց հետ»,- հավելեց մեր զրուցակիցը՝ հայտնելով նաև, որ առաջիկա օրերին Վերաքննիչ քրեական դատարանի որոշման վերաբերյալ միջնորդություն կներկայացնեն Վճռաբեկ դատարան:

Վերաքննիչ քրեական դատարանն այս որոշումը հրապարակել էր դեռևս մայիսի առաջին կեսին, սակայն պաշտպանին հրապարակման օրվանից հետո եռօրյա ժամկետում, ինչպես նախատեսում է օրենքը, այն չէր տրամադրվել: Փաստաբանը մի քանի անգամ հիշեցում էր ուղարկել դատարան որոշումն ուղարկելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 9-ին դատախազությունը հայտարարություն էր  տարածել, որի համաձայն՝ Արթուր Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար: Ա. Գևորգյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քննիչի՝ Գևորգյանին կալանավորելու մասին միջնորդությունը:

Հաջորդ օրը՝ ապրիլի 10-ին, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը, որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, ֆեյսբուքյան իր էջով հայտարարել էր, որ իրեն որպես մեղադրյալ ներգրավելու և իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին իմացել է մամուլից, իսկ ինքը ոչ մի անգամ վարույթն իրականացնող մարմնից ծանուցում չի ստացել:

Արթուր Գևորգյանի փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալին առաջադրված  մեղադրանքում նշված ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի 1426 Մերրիման ԴՐ հասցեում գտնվող գույքը ձեռք է բերել ոչ թե 2019 թվականի հունվարի 10-ին, երբ դեռևս հայտարարատու պաշտոնյա էր, այլ 2019 թվականի մարտի 6-ին՝ պաշտոնը թողնելուց ավելի քան մեկ ամիս անց, ու չէր հանդիսանում ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար՝ էթիկայի հանձնաժողովին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձ: Իսկ  գույքը ձեռք է բերել ոչ թե անհայտ միջոցներով, այլ հայտարարագրված խնայողություններով:

Տեսանյութեր

Լրահոս