Բաժիններ՝

Հրատարակիչները կորոնավիրուսային համավարակի ընթացքում բախվում են բազում դժվարությունների

Հայաստանում գործունեություն ծավալող հրատարակիչները համավարակի ընթացքում բախվում են բազում դժվարությունների, և այս դժվարություններին գումարվել են նաև գրքերի անօրինական տարածումները։

«Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը նշում է՝ գրքերի անօրինական տարածումները կանխելու նպատակով հրատարակիչները համատեղ ջանքերով իրականացնում են «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» արշավը՝ փորձելով իրազեկել մարդկանց անօրինական տարածումների խնդրի մասին։

«Երբ ստեղծվում է որևէ գրական ստեղծագործություն, հեղինակն այդ ստեղծածի լիարժեք տերն է, նա կարող է վարվել տվյալ գրքի հետ այնպես, ինչպես ցանկանում է։ Գրքերը կարող են անվճար տարածվել երկու սկզբունքով՝ եթե հեղինակն է այդպես ցանկանում, կամ եթե հեղինակի մահից անցել է 70 տարի և ստեղծագործությունը համարվում է հանրային սեփականություն։ Բայց այստեղ մի կարևոր կետ կա։ Օրինակ՝ Շեքսպիրի գործերը վերջերս թարգմանվել են հայերեն։ Շեքսպիր հեղինակի դեպքում հեղինակային իրավունքներն ազատ են, բայց այս դեպքում առկա են գիրքը թարգմանող թարգմանչի, խմբագրի, նկարազարդողի և այլ անձանց հեղինակային իրավունքները։ Հետևաբար, տարածելով Շեքսպիրի նոր թարգմանությունները, մարդիկ նույնպես հեղինակային իրավունքի խախտում են թույլ տալիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Էմին Մկրտչյանը՝ հավելելով, որ հրատարակիչներն անգամ տառատեսակներ են հատուկ ձեռք բերում, որոնց վրա ևս հեղինակային իրավունք է գործում։

«Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրենի խոսքով՝ այս պահին տարածվում են ոչ միայն դասական, այլև ժամանակակից հեղինակների գործեր, և նման տարածումներն արգելված են թե՛ օրենքով, թե՛ բարոյապես։

Էմին Մկրտչյանը շեշտում է՝ եթե նման միտումը շարունակական լինի, ապա ընկերությունները չեն կարողանա նոր գրքեր հրատարակել։

Նա կոչ է անում անօրինական տարածողներին համագործակցել հրատարակիչների հետ, համատեղ ջանքերով նպաստել ընթերցանության տարածմանը, գրքերի հանրահռչակմանն օրինական դաշտում, քանի որ բավականին հեշտ է արգելափակել անօրինական տարածումներով զբաղված անձանց էջերը համացանցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս