Հրդեհից հետո Ազգային գրադարանի թվային շտեմարանները կրկին հասանելի են. Հրաչ Սարիբեկյանը
Մոտ մեկ ամիս առաջ՝ մայիսի 8-ին, Հայաստանի Ազգային գրադարանի թվային արխիվի հրդեհից և գրեթե մեկ ամիս Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանների աշխատանքի դադարից հետո, նախորդ երկու օրերին փորձարկվել են գրադարանի էլեկտրոնային շտեմարանները: Արդյունքում՝ արդեն այսօրվանից գրադարանի թվային շտեմարանները կրկին հասանելի են՝ 24-ժամյա ռեժիմով: Այսօր տեղեկացրեց Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանը:
Հրապարակումները, թե թվային արխիվի հրդեհի հետևանքով ոչնչացվել է ողջ արխիվն ու մարդկանց տարիների աշխատանքը «ջուրն է ընկել», Հրաչ Սարիբեկյանի բնորոշմամբ՝ վկայում են մարդկանց կանխակալ, անհիմն ենթադրություններ, շահարկումներ, պնդումներ անելու միտումը:
«Այդ կանխակալ դիտարկումներով, պնդումներով, ենթադրություններով, վարկածներով, մեղադրանքներով մարդիկ ընդամենն իրենց ցանկությունները, հավակնությունները, շահերն ու նպատակներն են մատնում»,- ասաց Հ. Սարիբեկյանը՝ նշելով, որ Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը մանրամասն մոնիտորինգ է անցկացրել, ծանոթացել է բոլոր հրապարակումներին՝ թե՛ մամուլում, թե՛ սոցցանցերում առանձին անհատների հրապարակումներին, վերլուծել է նաև սոցցանցի «կիսումներն» ու «հավանումները» և կատարել է համապատասխան եզրակացություններ:
Ըստ գրադարանի տնօրենի պաշտոնակատարի՝ այդ տեղեկությանը տիրապետելն իրենց համար ունի և՛ պաշտպանողական, և՛ ստրատեգիական նշանակություն: Սարիբեկյանի խոսքով՝ այդ կերպ հնարավոր կլինի պարզել, թե հետագայում ով ինչ շահարկում կարող է անել:
«Մեզ այդ նյութը պետք էր, որպեսզի ավելի պատրաստ լինենք, որովհետև էս ամեն ինչը ուներ և՛ իր նախապատմությունը, և՛ իր զարգացումները՝ շահարկումների տեսքով և այլ ձևաչափով»,- նշեց Հրաչ Սարիբեկյանը:
Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատարը դեռևս չի բացառում, որ թվային արխիվի հրդեհի պատճառը կարող է լինել մարդկային գործոնը՝ դիտավորությունը: Թեև Հրաչ Սարիբեկյանը խոստովանեց նաև, որ սա միայն ենթադրություն է, և դրանց մասին բարձրաձայնելու ժամանակը չէ դեռ:
«Մեր ամենամեծ կորուստն օդորակիչն է, երկու մոնիտոր, երկու ստեղնաշար, ինտերնետի փոխարկիչ: Հոսանքի անխափան սնուցման սարքն է բավականին լավ վիճակում գտնվում, այսինքն՝ ամեն ինչ պահպանվել է մեզ անհրաժեշտ սերվերներն այս պահին շահագործելու համար»,- նշեց Հրաչ Սարիբեկյանը:
ԱԻՆ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը 168.am-ին փոխանցեց, որ դատախազի ցուցումով գործի առանձնակիությունից ելնելով՝ ևս 20 օրով ավելացվել է հետաքննության ժամանակահատվածը, փորձագետները շարունակում են աշխատել, իրականացնել նշանակված փորձաքննությունները: Հետաքննությունը կընթանա մինչև հունիսի կեսերը:
Հիշեցնենք, որ ԱԻՆ նախնական եզրակացության համաձայն՝ Ազգային գրադարանի թվային արխիվի հրդեհի պատճառը սերվերային սենյակում եղած կրակի փոքր բռնկումն էր: