Բաժիններ՝

«Այստեղ մեղավորներ պետք չէ գտնել, սա կոլեկտիվ պատասխանատվության հարց է». Նարեկ Զեյնալյանը՝ վարակվածների թվի աճի մասին

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի խոսքով՝  կորոնավիրուսով վարակվածների թվի աճի հետ կապված՝ պետք չէ մեղավորներ փնտրել, թվի աճը նաև պայմանավորված է թեստավորումների ավել քանակով: Այսինքն, որքան ավելի շատ թեստավորում է արվում, այնքան, բնականաբար, հայտնաբերելիության գործակիցն ավելանում է:

«Այս ամենը ոչ թե մտահոգիչ է, այլ դրական է, այն իմաստով, որ վարակվածները հայտնաբերվում են, ըստ էության կարելի է ենթադրել, որ կարող են լինել վարակվածներ, ովքեր չեն հայտնաբերվում, որոնք էլ կարող են հանդիսանալ վիրուսի տարածման աղբյուրներ: Որքան թեստավորվողների թիվն ավելանում է, և վարակակիրներ են հայտնաբերվում, այնքան դրական է, քանի որ դա ենթադրում է, որ այդ մարդիկ մեկուսանում, ինքնամեկուսանում են և չեն հանդիսանում վարակի տարածման աղբյուր»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նարեկ Զեյնալյանը:

Ըստ պատգամավորի՝ հակահամաճարակային աշխատանքները պետք է դիտարկել համալիր, այլ ոչ թե մեկ-երկու գործողությամբ, և յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում հակահամաճարակային իր ռազմավարությունն ու մարտավարությունը:  Այն դեպքում, երբ թեստավորումների քանակն ավելանա, և հայտնաբերելիությունը պակասի, այդ դեպքում կարող են ասել, որ դեպքերի նվազում է գնում: Բայց քանի դեռ թեստերն ավելացնում են, և դրական պատասխաններն էլ դրան զուգահեռ ավելանում են, դա նշանակում է, որ դեպքերի նվազման մասին դեռ խոսք լինել չի կարող:

«Երբևէ չենք կարող ֆիքսել, որ այս ժամանակահատվածում պետք է կանխարգելիչ միջոցառումներ արվեին, և վերջ, կանխարգելիչ միջոցառումները պետք է շարունակական բնույթ կրեն, դրանք, իրավիճակից կախված, անընդհատ փոփոխության են ենթարկվում և պետք է ենթարկվեն: Եվս մեկ անգամ շեշտեմ, որ այստեղ մեղավորներ պետք չէ գտնել, սա կոլեկտիվ պատասխանատվության հարց է և Կառավարության կամ պարետատան կողմից իրականացվող միջոցառումների որակը և մակարդակն էլ ավելի բարձրացնելու և հանրության շրջանում յուրաքանչյուր անձի զգոնությունը բարձրացնելու, անձնական պատասխանատվությամբ է պայմանավորված»,- հավելեց Նարեկ Զեյնալյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս