ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Կառավարության շենքի առջև զրուցել է զոհված զինվորների ծնողների հետ
Այսօր կառավարության շենքի առջև հերթական ակցիան էր: Կառավարության ներկայացուցիչներին իրենց բողոքն են հայտնում բանակում խաղաղ պայմաններում սպանված և զոհված զինծառայողների ծնողները, կենտրոնական փողոցների քանդված շենքերի անօթևան մնացած բնակիչները և խնդիրներ ունեցող ընտանիքներ:
Երևան ժամանած Եվրոպական միության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությունը, մինչև կառավարություն մուտք գործելը, զրույցի է բռնվել ակցիայի մասնակիցների հետ։
Զոհված զինծառայողների մայրերը, մոտեցել են Շտեֆան Ֆյուլեին և ներկայացրել իրենց պահանջները, նրանք հորդորել են ԵՄ հանձնակատարին մուտք չգործել կառավարության շենք:
Հիշեցնենք, որ Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակության այցելության շրջանակներում նախատեսվում է, որ ՀՀ Կառավարության հետ կստորագրվեն շուրջ 43 մլն եվրո արժողությամբ ֆինանսական ծրագրեր: