Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ հետ
Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Նյու-Յորք:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից 168.am-ին հայտնում են, որ նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Հանդիպման օրակարգում է եղել Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացին հասցված վնասը և ստեղծված իրավիճակի հաղթահարման, բանակցությունների ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակումը:
Համանախագահներն ընդգծել են իրենց երկրների սկզբունքային դիրքորոշումը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ֆիլիպ Գորդոնին, ում հետ քննարկել է հայ-ամերիկյան գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղարի տեղակալ Գորդոնը հանգամանալից զրույց են ունեցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում մարդասպան Սաֆարովին ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է միջազգային հանրության միահամուռ դատապարտող հասցեագրված արձագանքը: