Բաժիններ՝

«Նիկոլ Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար, պտի ներողություն խնդրե, ինքը վատ կառավարիչ է». Հայկ Բարսեղյան

Ոստիկանությունն այսօր առավոտյան կառավարության դիմաց ակցիա իրականացնելու համար բերման էր ենթարկել «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի որդուն՝  SOS  նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանին: Ոստիկանությունից դուրս գալուց հետո Հայկ Բարսեղյանը կրկին եկել էր կառավարության շենքի դիմաց՝ միանալու հոսանքի և գազի մատակարարումը դադարեցնելու դեմ բողոքող քաղաքացիներին:

Հայկ Բարսեղյանի խոսքով՝ ինքը եկել էր կառավարության շենքի դիմաց «սրտի քամահրանքներ անելու»՝ Հայաստանում արդարությունը վերականգնելու համար:

«Ես չեմ ուզե մանրանամ դետալների մեջ: Հազար հատ պատճառ կա՝ սկսած հեռախոսներով էդ տեղորոշման օրենքից, որը որ մեր ազատություններին դեմ է, վերջացրած անհեթեթ կարանտինայից՝ ուշացած, «այո»-ի, «ոչ»-ի քարոզարշավներից, ոստիկանական համակարգի փնթի վիճակից: Էս ցանկը ես կրնամ կես ժամ շարունակեմ»,- ասաց Հայկ Բարսեղյանը:

Ակտիվիստը, ով 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ակտիվ մասնակիցներից էր, ասաց, որ այսօր ոչ թե հիասթափված է, այլ նեղված, որ ջանք է դրել ներկա իշխանության գալու համար:

Դիտարկմանը, թե վարչապետի պնդմամբ՝ ովքեր հիասթափված են ներկա իշխանություններից, ուրեմն «Սերժի մնացորդներ» են, քաղաքացին ասաց, թե Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որոշ ժամանակ է՝ լուրջ չի ընդունում:

«Ես Փաշինյանի խոսքերը չեմ ընդունում լուրջ էն պահից, երբ կորոնավիրուսն ինքը սկսեց լուրջ ընդունել, կմկմար գը Ազգային ժողովում, էդ պահից սկսած ես չեմ կրնա Նիկոլ Փաշինյան անձին այլևս լուրջ ընդունեմ: Ինքը պտի որպես երկրի ղեկավար՝ ներողություն խնդրե և շարունակե կառավարել, որպեսզի իրա կառավարումը այլևս ծիծաղելու չլինի:

Իմ կարծիքն է, որ Նիկոլ Փաշինյան անձը մաքուր նպատակներ ունի, բայց վատ կառավարիչ է: Եվ էս դեպքում կա՛մ պտի գիտակցե, որ վատ կառավարիչ է, կա՛մ պտի հրաժարական տա»,- ասաց Հայկ Բարսեղյանը:

Անդրադառնալով՝ կառավարության շենքի դիմաց ակցիայի մասնակիցներին իր միանալուն՝ ասաց, թե այդտեղ է, որովհետև մեղքի զգացում ունի այսօրվա երկրի փնթի վիճակի համար:

«Ոստիկանների հետ խնդիր չունիմ, իմ խնդիրս երկրի կառավարիչների հետ է, որոնք որ երկիրը կառավարում են տգետ: Արտակարգ դրությունը դուք ինքներդ կհասկանաք, որ բեմականացում է: Ես 308 կմ քշել եմ Ղափանից Արտակարգ դրության կարանտինի ժամանակ մինչև Երևան, ոչ մեկը մեքենաս չի կանգնեցրել: Ես դա համարում եմ բեմականացում, վատ, շատ վատ կառավարում, կլոունություն: Եվ ես կհամարեմ, որ Հայաստանի ազատ քաղաքացին չպիտի ենթարկվի թատերական բեմադրությանը: Ես էս ամեն ինչը համարեմ գը թատրոն, պոպուլիզմ: Երբ որ պետք էր քայլեր ձեռնարկել հունվար-փետրվարին, «այո»-ի, «ոչ»-ի քարոզարշավով էին զբաղված, խնդիրն ընդհանրապես քաղաքական չէ: Էս տեմպերով մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի… չգիտեմ ուր»,- ասաց Հայկ Բարսեղյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս