Բաժիններ՝

«Եթե գիտեք, թե ինչպիսին է լինելու տնտեսական անկումը, և մեզ չեք ասում, առնվազն արդար չէ, տիկին Թանդիլյան». Ատոմ Ջանջուղազյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն այսօր անդրադառնալով Կառավարության ներկայացրած «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծին՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են որոշել ԱԺ ներկայացնել նախագիծ, որը մեծացնում է Կառավարության լիազորությունները՝ մինչև անսահման ծախսեր կատարելու, և սահմանափակում ԱԺ-ում այդ հարցը քննարկելու հնարավորությունը:

«Ամենևին չառարկելով, որ անհրաժեշտություն կա ծախսեր մեծացնելու, ամեն բան հասկանալի է, մանրամասներին դեռ կանդրադառնանք: Բայց ինչո՞ւ եք նպատակահարմար գտել դա անել միայն Կառավարության որոշումներով, ի՞նչն է Ձեզ խանգարում գալ ԱԺ և հարցը քննարկման առարկա դարձնել, հաստատել և նոր միայն այդ ծախսերն իրականացնել: Հասկանում եմ, որ անհրաժեշտ են միջոցառումներ, բայց ինչո՞ւ առանց ԱԺ-ի, ինչո՞ւ Կառավարությունն անհրաժեշտություն տեսավ գերազանցման այդ արգելքը հանելու, անգամ, եթե այն ժամանակավոր է»,- այսօր հանձնաժողովի նիստում իր խոսքում նշեց Մ. Թանդիլյանը:

Նշենք, որ ըստ Ֆինանսների նախարարի՝ օրենսդրական գործող կարգավորումները, մի կողմից՝ թույլ են տալիս Կառավարությանը ձեռնարկելու իրավիճակին համարժեք գործողություններ, մյուս կողմից, սակայն, «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով իրավաչափորեն նախատեսված չեն համավարակի դեմ պայքարին, հիվանդության հետևանքների, այդ թվում` տնտեսական, չեզոքացմանը և վերացմանն ուղղված բյուջետային ծրագրեր, ընդ որում` այդ ծրագրերն իրականացվելու են ոչ միայն արտակարգ դրության ընթացքում, այլև դրա ավարտից հետո:

Պատասխանելով՝ Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ չի կիսում Մանե Թանդիլյանի տեսակետը, քանի որ անսահման ծախսեր անելու առաջարկով չեն դիմել ԱԺ-ին, ընդհակառակը՝ ներկայացրել են նախագիծ, որով առաջարկում են սահմանափակել հնարավորությունը ծախսերի և առաջարկում են սահմանափակել պակասուրդով:

«Եթե, օրինակ, հիմա Դուք գիտեք, թե ինչպիսին է լինելու տնտեսական անկումը, և մեզ չեք ասում, առնվազն արդար չէ, տիկին Թանդիլյան, բայց ես գիտեմ, որ Դուք չգիտեք, և ոչ միայն Դուք, այլև որևէ մեկը չգիտի»,- դիմելով Մանե Թանդիլյանին՝ ասաց նախարարը:

Նախարարի խոսքի ընթացքում մեկնաբանություն հնչեցրեց «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ նշելով, թե գուշակները գիտեն՝ ինչպիսին է լինելու տնտեսական անկումը, ինչին նախարարը հակադարձեց՝ ասելով, որ դա կանխատեսում չէ, այլ գուշակություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս