«Ինչ թիվ ուզում է՝ թող ասեն. Այս պահին գոյություն ունի կոլապսային վիճակ». Վարդան Բոստանջյան
«Ես երբևիցե չեմ վստահել Վիճակագրական կոմիտեի տվյալներին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ մեր խնդրանքով անդրադառնալով կոմիտեի (ՀՀ ՎԿ) այսօր հրապարակած օպերատիվ ցուցանիշներին:
Ըստ այդմ՝ մարտ ամսվա տվյալներն արդեն փոխանցում են covid 19-ի բացասական ազդեցությունը տնտեսության վրա:
Հետաքրքրական է, սակայն, որ առաջին եռամսյակի տվյալներով՝ աճել է տնտեսական ակտիվության ցուցանիշը. Հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ՏԱՑ-ն աճել է 4 %-ով.
2020 թ․ հունվար-մարտը 2019թ. հունվար-մարտի նկատմամբ (%)՝ Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)՝ 104.0, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 108.7, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 104.5, առևտրի շրջանառությունը՝ 100.2, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 105.5, սպառողական գների ինդեքսը ՝ 99.9, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 114.8, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 109.2, արտահանում՝ 100.2:
«Ինչ թիվ ուզում է՝ թող ասեն՝ իրականությունը հետևյալն է. Այս պահին գոյություն ունի կոլապսային վիճակ՝ պայմանավորված բազմաթիվ գործոններով՝ կառավարման ապաշնորհությամբ, իրավիճակին չտիրապետելու, և սրան գումարած՝ համավարակով: Եվ այս պարագայում խոսել այն մասին, որ այս ամիսն այն ամսվա նկատմամբ ՝ ավելի լավ է… թող լավ լինի, բայց ասելով չէ: Որքան էլ մենք գոռում ենք՝ «հալվա-հալվա», դրանից մարդու բերանը չի քաղցրանում:
Մեր հասարակության մի ճնշող զանգված գտնվում է չափազանց ծանր դրության մեջ՝ անկախ համավարակից. մենք ունեինք աղքատության բավականին բարձր մակարդակ, հիմա սրան գումարվել է այն, որ տնտեսական գործունեությունը կտրուկ սահմանափակվել է»,- ասաց Վ. Բոստանջյանը:
Տնտեսագետը հիշեցրեց նաև, որ ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշը) տնտեսագիտության մեջ քվազի (կեղծ) ցուցանիշ է. «Առասպելաբանության մեջ «սիզիփյան աշխատանք» գոյություն ունի՝ անօգուտ աշխատանք. այն անընդհատ է, դրա ակտիվությունի 100 % է, բայց ո՞ւմ է պետք նման ակտիվությունը. հիմա նույն բանը սա է:
Մենք պարտադրված ենք նոր արտաքին պարտքերի դիմելու, որպեսզի կարողանանք ամենահասարակ խնդիրները լուծել, և այս պարագայում՝ ակտիվացել է՝ եթե ոչ մասնագիտական դիտակետից խոսենք՝ ի՞նչն է ակտիվացել, դրա բովանդակությունը ո՞րն է՝ սկսել են լավ ապրել, սկսել են շատ սպառել…»: