«Պառլամենտական երկրում բյուջեում փոփոխություններ կատարելու իրավասությունից պառլամենտին զրկելն առավել քան նոնսենս է»

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ կառավարությունը հանդես է եկել 2020 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որով նախատեսվում է համաճարակի դեմ պայքարի ու դրա հետևանքների վերացման նպատակով Կառավարությանը պետական բյուջեի ծախսերում ներքին վերաբաշխումներ (կրճատումներ և ավելացումներ) կատարելու բացարաձակ իրավասություն վերապահել:

Նախագծի ընդունման դեպքում Ազգային ժողովը դուրս կմղվի բյուջեի ծախսերում փոփոխություններ կատարելու իրավասությունից, այն զիջելով Կառավարությանը: Վերջինիս նպատակն ակնհայտ է. բյուջեի ծախսերում փոփոխություններ կատարել առանց Ազգային ժողովի մասնակցության: Այն, որ նման մոտեցումը չի բխում բյուջետային գործընթացում իշխանության օրենսդիր և գործադիր թևերի լիազորությունների տրամաբանական տարանջատման գաղափարից, առավել քան ակնհայտ է:

Խնդիրը կայանում է նրանում, թե ինչու է ընտրվել այս, այլ ոչ թե օրենսդիր մարմնում պետական բյուջեի ծախսերում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես գալու առավել տրամաբանական և դեմոկրատական ճանապարհը:

Կարծում եմ, պատճառները մի քանիսն են, որոնք ևս մեկ անգամ վկայում են կառավարման համակարգում տիրող տխուր վիճակի մասին: Այն, որ այս Կառավարությունը երբեք չի տիրապետել ռազմավարական կառավարման նվազագույն կանոններին, գաղտնիք չէ: Իշխանությունն իր գործունեության երկու տարիների ընթացքում բազմիցս է աչքի ընկել առանց հետևանքների կանխատեսման չհամակարգված և տարերային գործողություններով: Եվ եթե սովորական իրավիճակներում կառավարման նման ոճը, իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, չի հանգեցրել ճակատագրական և անդառնալի կորուստների, ապա ներկա պայմաններում նման գործելաոճի շարունակությունը չափազանց վտանգավոր է:

Իշխանությունները ներկայիս ոչ ստանդարտ ու ճգնաժամային իրավիճակում շարունակում են իրենց թափթփված գործելաոճը, լուրջ վտանգ ներկայացնելով երկրի և հասարակության անվտանգության ու բնականոն կենսագործունեության համար:

Ակնհայտ է, որ Կառավարությունը չունի հստակ ռազմավարական հակաճգնաժամային ծրագիր, հակառակ դեպքում հանդես կգար 2020 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու համալիր նախաձեռնությամբ, ներկայացնելով կրճատման ենթակա ծախսերը, համաճարակի տնտեսական և սոցիալական հետևանքների վերացման նպատակով առաջարկվող հատկացումները, դրանց հիմնավորումը, ակնկալվող արդյունքները, թիրախային նպատակներն ու շահառուների շրջանակը:

Համակարգված և համալիր գործողությունների փոխարեն Կառավարությունը գերադասում է շարունակել իր հախուռն գործողություները, լուծել այսրոպեական ու իրավիճակային խնդիրներ, ձգտել բավարարել հանրային գրեթե բոլոր շրջանակների ցանկությունները, բայց արդյունքում հուսահատ թողնելով շատերին և այսպես շարունակ: Սա հակաճգնաժաային ռազմավարության և համալիր ծրագրի բացակայության վառ վկայություն է, ինչը լուրջ մարտահրավեր է պետության ու պետականության համար:

Հաջորդ խնդիրը, որը փորձում է լուծել Կառավարությունն իր այս քայլով, դա գործողությունների հնարավորինս նվազ հանրայնացումն է: Հակառակ դեպքում, ինչը կարող էր ստիպել Կառավարությանը, ով Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն և չունի որևէ դժվարություն ցանկացած օրենսդրական նախաձեռնություն անցկացնելու համար, դիմել նման քայլի: Ի՞նչ ծախսեր է պատրաստվում կրճատել ու ի՞նչ ծախսեր է որոշել անձեռնմխելի համարել Կառավարությունը, որ փորձում է խուսափել Ազգային ժողովում հնարավոր հարցադրումներից:

Եթե ունի այդ հարցերի համոզիչ պատասխանները, ապա ինչու չի գնում բաց, հրապարակային ու ժողովրդավարական ճանապարհով: Չէ՞ որ պառլամենտական վերահսկողության կարևոր տարրերից մեկն էլ հենց բյուջետային վերահսկողությունն է: Եվ այս դեպքում հետաքրքիր է դառնում ժամանակ առ ժամանակ պառլամենտարիզմի մաստեր կլաս ցույց տվող խորհրդարանի վերաբերմունքը պառլամենտական վերահսկողության թուլացմանն ուղղված այս նախաձեռնությանը:

Հ.Գ. Պառլամենտական երկրում բյուջեում փոփոխություններ կատարելու իրավասությունից պառլամենտին զրկելն առավել քան նոնսենս է»:

ՀՀ կառավարությունը հանդես է եկել 2020 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որով…

Gepostet von Vladimir Martirosyan am Sonntag, 26. April 2020

Տեսանյութեր

Լրահոս