Բաժիններ՝

«Սա այն եզակի օրերից է, երբ մենք համախմբվել ու բռունցք դառնալ գիտենք». Տիգրան Վիրաբյան

Առաջին անգամ ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների ոգեկոչման հերթական տարելիցին, Ծիծեռնակաբերդի բարձունքը մարդաշատ չէր: Կորոնավիրուսային տագնապով պայմանավորված` իշխանություններն այս անգամ որոշել էին շեշտը դնել գեղարվեստական մասի վրա` թողնելով զուտ արարողակարգային պաշտոնական խոնարհումը Մեծ եղեռնի հուշակոթողի անմար կրակի մոտ:

Միջոցառման գեղարվեստական մասը հասարակության լայն շերտերի մոտ բավականին բարձր գնահատանքի արժանացավ, և իսկապես բավականին զուսպ, գունային ու լուսային էֆեկտներով համեմված, օրվա խորհրդին համահունչ միջոցառումը շատերին անտարբեր չթողեց:

168.am-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչներից Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի Երևանի քաղաքապետարանի կողմից ապրիլքսանչորսյան միջոցառումների տարբեր ձևաչափեր են ընտրվում, և հիմնականում պաշտոնական արարողակարգային մասը պահվում է, իսկ փոփոխություններ կրում է գեղարվեստական հատվածը:

«Օրինակ, անցած տարի ազգային ակադեմիական երգչախումբն է մասնակցել` մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ, նախանցած տարի այլ ձևաչափ է ընտրվել»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը:

Վերջինիս խոսքով`այս տարի, հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակը, ի սկզբանե պարզ էր, որ այլ ձևաչափ էր ընտրվելու, և Կառավարությունում քննարկումների արդյունքում որոշվեց ընտրել հենց այս տարբերակը, որպեսզի միջոցառմանը մասնակից դարձնեինք նաև Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցներին:

«Քննարկմանը մասնակցում էին Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի (ԿԳՄՍ) և այլ գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև, բնականաբար, Երևանի քաղաքապետարանը: Վերջնարդյունքից հետո արդեն իսկ այսօր համոզված եմ, որ մենք ընտրել էինք քննարկվող տարբերակներից լավագույնը»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:

Ըստ նրա` միջոցառումն ուներ երկու ուղղվածություն` տեխնիկական և ստեղծագործական: ԿԳՄՍ նախարարության հետ շատ ծավալուն աշխատանքի արդյունքում, ինչպես նշում է Երևանի փոխքաղաքապետը, ներկայացվել է փայլուն ծրագիր` իր ստեղծագործական կոլեկտիվներով և անհատ կատարողներով:

«Մնացած ստեղծագործատեխնիկական հարցերը` պրոյեկցիոն համակարգեր, լուսային ու ձայնային հետաքրքիր լուծումներ, կարգավորվեցին հընթացս, և նաև Հանրային հեռուստատեսության հետ քննարկեցինք հեռուստատեսային տարբերակը, որի արդյունքը, արդեն իսկ վստահ կարող եմ ասել, բարձրորակ աշխատանք էր»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:

Երևանի փոխքաղաքապետը կարծում է, որ թիմային աշխատանքի արդյունքում իրենք կարողացան այս տարվա համար գտնել լավագույն լուծումը, և արդեն իսկ հասարակության արձագանքները գալիս են ապացուցելու, որ հասարակությունն ընդունել է, գնահատել այս միջոցառումները:

Դիտարկմանը, թե միջոցառման գեղարվեստական մասը չքննադատվեց, և նույնիսկ հասարակության ընդդիմադիր հատվածն էր նշում, որ միջոցառումը հաջողված է, Տիգրան Վիրաբյանն ասաց, որ սա այն եզակի օրերից է, երբ մենք համախմբվել ու բռունցք դառնալ գիտենք:

«Այս օրը մենք միշտ էլ իրար հանդեպ հանդուրժող ենք ու փորձում ենք միահամուռ լինել: Նաև, բնականաբար, ընդհանուր միջոցառման և գեղարվեստական որակը, և մատուցման ձևը, հետաքրքիր լուծումները, մասնակիցների քանակը թույլ տվեցին ներկայանալի միջոցառում ստանալ: Կարծում եմ, որ նաև 10 ժամից ավելի բարձրաճաշակ երաժշտություն մատուցելը գնահատվեց մեր հասարակության կողմից և օրվա խորհրդի` ընտրված ձևաչափը»,- նկատեց Երևանի փոխքաղաքապետը:

Միջոցառման բավականին ազդեցիկ հատված էր մեր հարյուր-հազարավոր քաղաքացիների անունների լուսապատկերի շարժը Ցեղասպանության հուշակոթողի սյուների վրա: Դրանք այն քաղաքացիների անուններն էին, ովքեր կարճ հաղորդագրություն էին ուղարկել 1915 կարճ համարին: Հաղորդագրության արժեքն էլ սիմվոլիկ էր՝ ընդամենը 1 դրամ: Այս կերպ ապահովվեց նաև մեր հայրենակիցների մասնակցությունը միջոցառմանը:

Հարցին, թե արդյոք բջջային օպերատորների հետ բանակցելը հե՞շտ ստացվեց, Տիգրան Վիրաբյանն ասաց, որ այս հարցով Բարձր տեխնոլոգիական նախարարությունը, ի դեմս նախարար Հակոբ Արշակյանի, բավականին արդյունավետ է աշխատել:

«Մեկ-երկու օրում բանակցություններ վարվեցին ոչ միայն՝ օպերատորների, այլև՝ մի շարք կազմակերպությունների հետ, որոնք օժանդակություն են ցուցաբերել: Մեծ թիմ էր աշխատում, որոնք նվիրումով, անվարձահատույց աշխատում էին, որ նախագիծը հավուր պատշաճի ներկայացվի»,- եզրափակեց Տիգրան Վիրաբյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր այն անձանց ու կազմակերպություններին, որոնք ամեն ինչ արել են, որ այս գաղափարը կյանքի կոչվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս