Պետք է միշտ համախմբված հզորացնենք մեր Հայրենիքը․ ՄԻՊ-ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ
Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտելն ու մարդկության դեմ ուղղված այդ ծանրագույն ոճրագործությանը պատշաճ գնահատական չտալն է նաև պատճառը, որ հետագայում հանգեցրեց այլ ժողովուրդների ցեղասպանությունների:
Այս մասին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի, օրը մենք ոգեկոչում ենք 1,5 միլիոն անմեղ զոհերին և խոնարհվում նրանց անմար հիշատակի առաջ։
Այս տարի Մեծ եղեռնի 105-րդ տարելիցը նշում ենք արտակարգ դրության պայմաններում, բայց դա չի խանգարում աշխարհասփյուռ հայությանը և առաջադեմ մարդկությանը հիշել ու դատապարտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտելն ու մարդկության դեմ ուղղված այդ ծանրագույն ոճրագործությանը պատշաճ գնահատական չտալն է նաև պատճառը, որ հանգեցրեց հետագա ցեղասպանությունների։
Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին՝ մենք պետք է միշտ համախմբված հզորացնենք մեր Հայրենիքը»,- ասել է Թաթոյանը։