16 միլիարդ դրամ, և մենք կունենանք նոր հագուստներով, նոր մեքենաներով ու նոր որակի ոստիկաններ ու Ներքին գործերի նախարարություն

Կառավարությունը մարտի 23-ի նիստում ընդունեց Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը:

Ըստ մշակված ռազմավարության՝ Ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է ժողովրդավարական պետությանն ու հասարակությանը բնորոշ ոստիկանության ծառայություն ունենալու իրական անհրաժեշտությամբ, ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացմամբ, տարիներ ի վեր բարձրաձայնված հանրային պահանջով և անկեղծ քաղաքական կամքի առկայությամբ։

Առաջարկվող ռազմավարությամբ նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, փոխել  ամբողջ ոստիկանության պարեկային ծառայությունը, կլինեն նոր մեքենաներ, հագուստներ, տեխնիկական միջոցներ, կստեղծվի նաև ազգային գվարդիա:

Հատուկ ուշադրություն կդարձվի նաև Քրեական ոստիկանության զարգացման և արդյունավետ նախաքննության, Ոստիկանության զորքերի ապառազմականացման, Հասարակական կարգի պահպանության,  Համայնքային ոստիկանության վերաիմաստավորման, Ոստիկանությունում ծառայության գրավչության, կադրերի պատրաստման և մասնագիտական զարգացման,  Մարդու իրավունքների պաշտպանության զգայուն հարցերին, ինչպես նաև միջազգային համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը, ոլորտի թափանցիկությանն ու հանրային հաշվետվողականությանը:    Ռազմավարությամբ նշված գործողությունները նախատեսված է իրականացնել 3 տարվա ընթացքում, որի համար պահանջվում է  16 միլիարդ 326 միլիոն դրամ, դրանից 12 միլիարդը կհատկացվի պարեկային ծառայության օպերատիվ կենտրոնի ստեղծմանը:

16 միլիարդից 12 միլիարդը կհատկացվի պետական բյուջեից, մնացած մասը կհատկացնեն միջազգային կազմակերպությունները:

Տեսանյութեր

Լրահոս