«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը  հետհեղափոխական Հայաստանի ամենահիմնարար և սկզբունքային օրենքներից մեկն է. Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը  համարում է հետհեղափոխական Հայաստանի ամենահիմնարար և սկզբունքային օրենքներից մեկը:

«Մենք տարիներ, տասնամյակներ շարունակ խոսել ենք Հայաստանում արմատացած հոռի երևույթների, համատարած թալանի, հովանավորչության, համակարգային կոռուպցիայի մասին: Բոլոր այս հանցանքները առարկայացել են ապօրինի գույքի, առանձնատների, կալվածքների բիզնեսների տեսքով: Ժողովրդի մեջ արմատացած խորը հուսահատությունն ու անարդարության զգացողությունը  պայմանավորված են եղել այս հանգամանքով, որովհետև քաղաքացիները տեսել են, թե ինչպես է իրենցից թալանվածը դառնում շքեղ առանձնատուն, թանկարժեք ավտոմեքենա կամ եկամտաբեր բիզնես»,- ասաց  Բաբաջանյանը:

Պատգամավորի փոխանցմամբ՝ լայն իմաստով թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել հենց քաղաքացու գողացածը նրան վերադարձնելու խոստմամբ, հետևաբար՝ եթե չկարողանան լավ շարադրված օրենքով դրան հասնել, ապա հերթական անգամ կանգնելու են քաղաքացու հերթական հուսահատության ալիքի առաջ:

Անկախ պատգամավորը միևնույն ժամանակ ընդգծեց, որ խնդիրներ է տեսնում օրենքի իրականացման գործընթացում, և չի տեսնում, հստակ ռազմավարական պլան, թե երբ, որքան և ինչ միջոցներ են վերադարձվելու պետությանը:

«Ցավոք, այս հարցում մենք բախվում ենք այն նույն կիսատ-պռատությանը, որն ունենք կոռուպցիայի դեմ պայքարի, անցումային արդարադատության և վեթինգի պարագայում»,- ասաց  Բաբաջանյանը՝ նշելով՝ թեև խորապես կողմ է օրենքին, սակայն դրա իրականացման գործընթացում տեսնում է խորքային պատճառներ, որոնք իշխանությունը չի կարողանում վերացնել ռազմավարական տեսլականների բացակայության պատճառով:

 

Տեսանյութեր

Լրահոս