«Իշխանություն է ընկել ձեռքներդ ու չգիտեք, թե այն ինչպես օգտագործեք». Էդմոն Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ հարցականի տակ է դնում Արարատ Միրզոյանի անաչառությունը, քանի որ արդեն մի քանի անգամ ԱԺ նախագահն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վիրավորական ելույթներին չի արձագանքում, փոխարենը՝ արձագանքում է միայն ընդդիմության ելույթներին:
«Բայց նորմալ է, Դուք՝ Ձեր նախագահությունը, բայց դրանով, բնականաբար, Դուք Ձեզ եք վնասում»,- դիմելով Արարատ Միրզոյանին ասաց Էդմոն Մարուքյանը:
Այնուհետև նա ընդգծեց, որ արտահերթ նիստի հետ կապված հարցումներ են արել: Խոսքն այն նիստի մասին է, որի մասին բոլորը «հինգից հինգ պակաս» են իմացել, և միայն իշխանական պատգամավորներն են դրան ներկա եղել:
«Բնականաբար, Կառավարությունը շուտ է նիստ գումարել և հրավիրել արտահերթ նիստ: Բնական է, որ ԱԺ նախագահն իմացել է, որ Կառավարությունն արտահերթ նիստ է գումարում, և դրա մասին մեզ չի տեղեկացրել, ինչը որ նախկինում միշտ արվել է: Երևի այդ օրը խռովել էիք, որ նախագիծը տապալվել էր, բայց «Իմ քայլը» դաշինքը կարող էր խռովել, իսկ ԱԺ նախագահը՝ ոչ, նա պետք է լինի բոլորի նախագահը: Բայց դե, այսպես է ստացվել, այսպես կաշխատենք, նորմալ է, խորհրդարանի բնականոն գործունեությունը չի ապահովել:
Այս նկատողությունների հետ կապված՝ մտածում եմ՝ իշխանություն է ընկել ձեռքներդ ու չգիտեք, թե այն ինչպես օգտագործեք»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:
Այնուհետև անդրադառնալով «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին՝ նա նշեց, որ կարելի է ասել, որ այսօր Հայաստանում այլևս բանկային գաղտնիք չկա, քանի որ իշխանությունն անգիր գիտի, թե ով որքան փող ունի բանկերում, որի մասին հրապարակային խոսում է:
«Եթե այս ձևով եք մտնելու արժեթղթերի շուկա, հետաքրքիր է՝ ո՞վ է այս ձևով Հայաստանում ներդրում անելու: Կառավարության հետ վերջին հարցուպատասխանը նայեք, երբ Տիգրան Ուրիխանյանին վարչապետն ասում է՝ թող իր շրջապատի մարդիկ ավանդները բերեն, ներդրում անեն, վարչապետը որտեղի՞ց գիտի, որ Տիգրան Ուրիխանյանի շրջապատում ավանդներ ունեն»,- նշեց Մարուքյանը:
Դահլիճից արձագանքեցին, որ վարչապետն այդ ամենին տեղյակ է թերթից, ինչին ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանը հարցրեց. «Ո՞ր թերթից գիտի, կարո՞ղ է՝ «Հայկական ժամանակն» է գրել: Ժողովուրդ ջան, այս նախաձեռնությունը վատ տեղ է տանելու, և այս ճանապարհով լուրջ խնդիրներ ենք ունենալու, ներդրումներ չենք ունենալու, մենք այս նախագծին դեմ ենք քվեարկելու»,- ընդգծեց նա: